Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 8 տրանսպորտային միջոց. կան զոհեր
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր, շղթայական և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են «Toyota Land Cruiser», «Opel», «Mercedes», «BMW,», «Nissan», 2 «ԶԻԼ» մակնիշի և «Nissan» մակնիշի ավոտմեքնենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարնրը և շտապօգնության բժիշկների հերթապահ խմբեր:
Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Նիկոլյանը, մոտոպարեկ Ռոբերտ Ղազարյանն ու Վարդան Միրզոյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի և Արմեն Հովհաննիսյանի ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը:
Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված: