Կիրանցի 2 տան բնակիչներին մինչև հունիսի 24-ը ժամանակ են տվել ազատել տները
ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի 2 տան բնակիչներին 1 ամիս ժամանակ են տվել, որ դուրս գան իրենց տներից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց կիրանցեցի Արտակ Ղազարյանը։
«Բաջանաղիս մինչև հունիսի 24-ը ժամկետ են տվել, որ տունն ազատի, բայց կադաստրի վկայականը փաստացի ձեռքին ա։ Այս ղեկավարության օրոք տված կադաստրի վկայականը, այն ղեկավարության, որը հիմա հողերը հանձնում ա թուրքին»,- ասաց Կիրանցի բնակիչը։
Նա վստահեցրեց՝ կառավարության առաջարկած փոխհատուցումը կիրանցեցիներից որևէ մեկին պետք չէ, իրենք միայն իրենց տունն ու հողն են պահանջում։
«Գալիս են, որ այս ժողովրդի ցավերն ու դարդերը շատացնեն։ Եկել ու ճամփեն տալիս է, թուրքը (նկատի ունի ադրբեջանցիներին. խմբ․) որտեղ է, մենք որտեղ ենք։ Իմ տունը մի քիչ վերև է, բայց ի՞նչ կապ ունի, բոլորն էլ մեր քույրերն ու եղբայրներն են։ Իմ խնամու տունը և բաջանաղիս տունը թուրքին ա մնում»,- ասաց Արտակը։
Նա շեշտեց, որ պայքարելու է իր տան ու հողի համար ու որևէ մեկին չի վստահում։