Երազում տղաս՝ նորածնին գիրկն ասաց՝ մենք չենք գալու, պուճուրին պահիր. զոհված եղբայրների մայր (Տեսանյութ)
Երազում տղաս՝ նորածնին գիրկն ասաց՝ մենք չենք գալու, պուճուրին պահիր. զոհված եղբայրների մայր (Տեսանյութ)
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ և Կարեն Գևորգյանների նորածին եղբայրը՝ Արենը, իր ծնունդով ապրելու հույս բերեց ծնողներին:
Լրագրողների հետ զրույցում տղաների մայրը՝ Արևիկ Միքայելյանը պատմեց, որ երեխային տվել են Արեն անունը, քանի որ Գևորգը երազում էր երկրորդ որդուն ունենալու դեպքում նրան այդպես կնքել:
«Տղաներիս միշտ տեսնում եմ երազումս: Մինչև Արենը Գևորգս եկավ երազիս՝ նորածնին գիրկը: Ասաց՝ մամ, ես ու Կարենն էլ հետ չենք գալու, պուճուրին պահիր: Ասացի՝ Գև, ես ձեզ եմ ուզում: Ասաց՝ մենք չենք կարող գալ, անպայման կպահես պուճուրին:
Այսպես ասաց ու երեխային դնելով բազմոցին՝ հեռացավ: Հիմա Աստծուց ուժ ու առողջություն եմ խնդրում, որ Արենիս գոնե մինչեւ ինքնուրույն տարիքի հասցնեմ: Ինքն էլ կմեծանա ու կհպարտանա, որ հերոսների եղբայր է»,- ասաց Արևիկ Միքայելյանը:
Տիկին Արևիկը 48 տարեկան է, ամուսինը՝ 54:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Անդրանիկ Պողոսյանի խոսքով՝ մայրիկի տարիքը եւ արտամարմնային բեղմնավորումն արդեն իսկ բարդ հղիություն էր նախանշում:
«Քանի որ տիկին Արեւն իր մեջ այդքան քաջություն ուներ այս փոքրիկին լույս աշխարհ բերելու, մենք ուղղակի իրավունք չունեինք աննշան սխալ անգամ անելու: Այս երեխան մինչեւ խոր ծերություն պետք է խաղաղության մեջ ապրի եւ չտեսնի պատերազմ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Անդրանիկ Պողոսյանը:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում