Կրակոցներ Արագածոտնի մարզում. կա 1 զոհ. 6 վիրավոր
Կրակոցներ Արագածոտնի մարզում. կա 1 զոհ. 6 վիրավոր
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 19-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հովհաննիսյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային վարչության քննչական բաժնի պետ Սամվել Սիմոնյանը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ 6 հոգի տեղափոխվել են. մի մասը՝ Երևանի «Արմենիա», մի մասը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ:
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ միջադեպը, որն այնուհետև զուգորդվել է կրակոցներով, տեղի է ունեցել Նիգավան գյուղի վարչական տարածքում գտնվող՝ ժողովրդին հայտնի աղբանոցների հարևանությամբ:
Այս պահին ոստիկանները, քննիչները, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեագետները՝ ոստիկանության Ապարանի բաժնի մեծ թվով քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ, հետախուզական աշխատանքներ են կատարում, թե աղբավայրի կոնկրետ որ հատվածում է տեղի ունեցել դեպքը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի և վիրավորների ինքնությունը: