Ռուսական բանակը շատ գրագետ է աշխատում՝ 5-րդ սերնդի դասական պատերազմի կանոններով. Արծրուն Հովհաննիսյան
Ռուսական բանակը շատ գրագետ է աշխատում՝ 5-րդ սերնդի դասական պատերազմի կանոններով. Արծրուն Հովհաննիսյան
Armtimes.com-ը գրում է․ Շուրջ երկու օր է՝ դրությունը Ուկրաինայի սահմանին՝ Դոնբասում, ծայրաստիճան լարված է: Երեկ վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները համապատասխան փաստաթղթերով դիմել են ՌԴ-ին ռազմական օգնության խնդրանքով, ինչը բավարարվել է, և Դոնբասում մեկնարկում է ռազմական գործողություն:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում ռազմագետ Արծրուն Հովհաննիսյանը նկատեց՝ Ուկրաինան ռազմավարական խնդիրներ ունի. «Նախ պետք է դիտարկենք, որ Ռուսաստանը 10 անգամ ավելի շատ ուժեր ունի, քան Ուկրաինան: Եթե զինամթերքն էլ հաշվենք, ապա Ռուսաստանը 50 անգամ ավելի ուժեղ է»:
Հովհաննիսյանի խոսքով՝ Ուկրաինայի ցուցաբերած դիմադրությունը չենք կարող համեմատել 44-օրյա պատերազմում մեր տղաների ցուցաբերած դիմադրության հետ:
«Մեր տղերքն ավելի հերոսաբար են դիմադրել՝ ավելի քիչ սպառազինություն ունենալով հանդերձ»,- ընդգծեց նա:
Ռազմագետը նշեց, որ ռազմական գործողությունների առաջին 2 օրում մեկ շատ կարևոր գործոն կա. «Բացի քանակական առավելությունից, ռուսները աշխարհագրորեն երեք կողմից մուտք են գործել Ուկրաինա՝ Ղրիմից հարավ, Բելառուսից հյուսիս, Ռոստովի ու Խարկովի ուղղություններից էլ ճակատով են մտել:
Ընդ որում՝ երկու ուղղությունները հատվող են՝ Կիևից իջնող զորքը հատվում է Ղրիմից բարձրացող զորքին: Բացի այդ՝ այս շրջանները բնակեցված են ռուսախոս բնակչությամբ, կարելի է ասել, որ հենց ռուսներ են ապրում:
Հետևաբար, այդ շրջանների դիմադրությունը պետք չէ համեմատել, օրինակ, Դնեպրից արևմուտք ընկած բնակչության հետ: Իմ կարծիքով՝ գաղափարական առումով էլ այստեղի ժողովրդի հետ լավ աշխատանքներ են տարվել ռուսական բանակի կողմից՝ հատուկ նպատակաուղղված և գրագետ»:
Հովհաննիսյանը նաև շեշտեց՝ ռուսական բանակը ընդհանուր շատ գրագետ է աշխատում. «Դա թույլ տվեց մեկ օրում շարքից հանել ուկրաինական հակաօդային պաշտպանությունը և ավիացիայի մեծ մասը: 5-րդ սերնդի դասական պատերազմի կանոններով են առաջ շարժվում՝ թևավոր ու բալիստիկ հրթիռներ, ավիացիայի խիտ կիրառություն: Ընդհանուր Ռուսաստանն ունի մի քանի տասնապատիկ առավելություն»:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ ՌԴ-ի ռազմական նպատակը Կիևը գրավելը չէ. «Կիևն ավելի շատ քաղաքական խնդիր է, գուցե հաջողվի հասնել Կիև և իշխանափոխություն անել: Կարևոր ռազմական-ռազմավարական խնդիրը Խարկովից ներքև իջնող զորքերն են:
Այդտեղից իջնող և Ղրիմից հյուսիս բարձրացող տանկային «աքցանները», եթե միավորվեն իրար, օրինակ՝ Պավլոգրադի մոտակայքում, դա պայմանական եմ ասում, ապա ուկրաինական բանակի ամենամեծ զորախումբը՝ դոնբասյան, որը հիմա դիմադրում է Դոնբասի կողմից ռուսական զորքերի մուտքը, այդ զորքը կընկնի շրջափակման մեջ, և ուկրաինական բանակի համար մեկ մարտունակ զորախումբը կոչնչանա:
Սա է նրանց ռազմական կարևորագույն նպատակը, որը մի փոքր դանդաղ տեմպերով է ընթանում»:
Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի ժամկետների մասին՝ Հովհաննիսյանը նկատեց՝ ոչ ոք չի կարող ասել, թե այն որքան կտևի: «Ձգձգվելը կապված է ռազմավարական մի շարք գործոններից և հաշվարկել հնարավոր չէ:
Եթե Ուկրաինան սկսի ավելի շատ դիմադրել, և ռուսական զորքի հարձակման տեմպերը ընկնեն, կսկսեն ակտիվանալ տնտեսական, քաղաքական գործոնները, որոնք մեծ ազդեցություն կունենան պատերազմի ժամկետների վրա»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ Զելենսկին հայտարարել է մոբիլիզացման մասին, հարցին՝ արդյոք դա կարո՞ղ է փոխել հակամարտության ելքը, Հովհաննիսյանն ասաց.
«Ուկրաինայի մոբը շատ մեծ է: Երբ արդեն ինտենսիվ խոսվում էր պատերազմի մասին, արևմուտքը նրանց մեծ օգնություն է ցուցաբերել, մասնավորապես՝ մոբիլիզացված զորքի կիրառման մասով: Հարց է՝ կարո՞ղ են Ուկրաինայի իշխանությունները մոբիլիզացման ծրագիրը ճիշտ կազմակերպել:
Օրինակ՝ մեզ մոտ շատ սխալ էր այդ մասը կազմակերպված, և լուրջ խնդիր առաջացավ: Սակայն դա առաջացավ նաև նրանից, որ մեզ մոտ կար զենք-զինամթերքի պակաս: Կազմակերպչական հարցերը շատ կարևոր էին:
Ուկրաինան կարող է մոբիլիզացմամբ 2 օրում 1-2 միլիոն զորք մոբիլիզացնել, իսկ դա ահռելի քանակ է»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում