Մամուլ

Տավուշի մարզում անտառտնտեսության տնօրենը, «ՈՒԱԶ»-ով գլորվել է ձորը. կա 3 զոհ

Տավուշի մարզում անտառտնտեսության տնօրենը, «ՈՒԱԶ»-ով գլորվել է ձորը. կա 3 զոհ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 21։20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 32-ամյա Նորայր Պապյանը իր վարած ՈՒԱԶ 3163 մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի 37 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 65 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Վ. Թադևոսյանի գլխավորությամբ։

uaz dzor

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, 2-րդ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի և 1-ին վաշտի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Փրկարարները վթարի վայրում հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչներ՝ 57-ամյա Կամո Պետրոսյանի, 40-ամյա Արկադի Ամիրխանյանի և 56-ամյա Սարգիս Բաբայանի դիերը, որոնք մեքենայից դուրս են եղել՝ տարբեր հատվածներում, իսկ վարորդ Մ. Պապյանին հիվանդանոց է տեղափոխել փրկարարական ջոկատի հրամանատար Վ. Թադևոսյանը՝ իր անձնական ավտոմեքենայով։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Բերդ» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր արձանագրել են մահերը։ Դեպքի վայր է ժամանել նաև Տավուշի մարզի դատախազության դատախազ Հովհաննես Աղասարյանը։

uaz zor

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հունան Գարանյանի և մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։  Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ քննիչ Ավետիսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ն. Պապյանն աշխատում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն, մահացածներից Կ. Պետրոսյանն ու Ս. Բաբայանը՝ նույն անտառտնտեսությունում՝ որպես անտառապահներ, իսկ Ա. Ամիրխանյանը նախկինում աշխատել է Բերդի տարածաշրջանի ջրօգտգագործողների ընկերության տնօրեն և պետք է առաջիկա օրերին նա նշանակվեր «Հայանտառ» ՊՈԱԿ-ր Արծվաբերդի անտառտնտեսության ինժեներ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Բերդի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել