Երևանում չգիտեն, թե Վարդենիսի գյուղերում մարդիկ ինչ վախով են պառկում քնելու․ Արսեն Սաֆարյան․ «Հրապարակ»
Երևանում չգիտեն, թե Վարդենիսի գյուղերում մարդիկ ինչ վախով են պառկում քնելու․ Արսեն Սաֆարյան
Hraparak.am-ը գրում է․ Սեպտեմբերի 27-ին լրացավ 44-օրյա պատերազմի մեկ տարին։ Երգիչ Արսեն Սաֆարյանը պատերազմից մեկ տարի անց էլ հիշում է 2020թ․ սեպտեմբերի 27-ի իր ապրումներն ու զգացողությունները։ Երբ հայտարարվել է, որ պատերազմ է սկսվել, նրա հետ կապ է հաստատել իր ծառայած զորամասի գնդապետն ու հայտնել, որ 108 կամավորներով գնում են Արցախ։
«Ասացին՝ մեզ հե՞տ ես, թե՞ ոչ, ասացի՝ իհարկե, ձեզ հետ եմ։ Հետո եղբայրս իմացավ, որ պիտի գնամ, ինքն էլ միացավ, քանի որ չէր ուզում ինձ մենակ թողնել։ Սկզբում գնացինք Ստեփանակերտ, այնուհետեւ՝ Մատաղիս․ Արցախի հյուսիսում էինք։
Այս պատերազմը բոլորովին ուրիշ պատերազմ էր, որովհետեւ թշնամին ուներ մեծ առավելություն նաեւ օդում։ Իսկ դա տպավորություն էր ստեղծում, որ թիկունք չկա, ու թշնամին էլ հենց մեր գլխավերեւում է։
Իմ զգացողությունը կտրուկ փոխվեց այն ժամանակ, երբ առաջին անգամ ընկանք հրետակոծության տակ՝ մեքենաների մեջ էինք, ու մեզ իրականում փրկեց ճիշտ կանգառի (ռելիեֆի իմաստով) հրամանը»,- պատմում է Արսեն Սաֆարյանն ու ընդգծում, որ հրամկազմն իր պրոֆեսիոնալ հրամաններով ապահովել է, որ առավելագույնս քիչ վիրավորներ ունենան։
Երգիչն ասում է, որ իր նպատակը մեր զինվոր տղաների կողքին լինելն էր, որովհետեւ պատերազմը բոլորինս էր․ «Ես էլ, եղբայրս էլ ինչով կարողանում, օգնում էինք, դիրքերում էլ ենք եղել, թիկունքում էլ, կարտոֆիլ էլ ենք մաքրել։ Դու լիարժեք չես հասկանում՝ պատերազմն ինչ է նշանակում, մինչեւ չես լսում արկերի պայթյունը, չես զգում վառած փամփուշտի հոտը»։ Թեպետ իր աչքի առաջ ոչ ոք չի վիրավորվել ու զոհվել, բայց իրենց կողքի դիրքերում եղել են զոհեր, որոնցից շատերին ինքն անձամբ ճանաչել է։
«Ինձ համար հոգեբանական իմաստով ամենադժվարն այն էր, երբ 14 ժամ անընդմեջ հրետանու հրետակոծության տակ ես եւ չգիտես՝ հաջորդ արկը գալու է քեզ «համբուրի՞», թե՞ կողքդ է ընկնելու։
Սա է հոգեբանական կռիվը, եւ այդ ժամանակ լիարժեքորեն հասկանում ես, թե ինչ է նշանակում հայրենի հող, որովհետեւ ուղիղ իմաստով դեմքով խրված ես լինում հողի մեջ, իսկ քո վրայով փամփուշտներ ու բեկորներ են թռչում,- հիշում է Ա․ Սաֆարյանն ու նշում, որ հոկտեմբերի 18-ին հետ է վերադարձել՝ հերթափոխի, բայց 5 օր հետո արդեն ցանկացել է դարձյալ մեկնել սահման։
– Որովհետեւ այստեղ ինձ անիմաստ էի զգում, միտքս այնտեղ էր, գիտեիր, որ մի բան կարող ես անել, բայց հետո եղավ այն, ինչ եղավ․․․»։
Նոյեմբերի 9-ից հետո արթնացանք այլ Հայաստանում, որտեղ մեզ չէին ասել, որ պարտվելու ենք։ «Երբ հոկտեմբերին վերադարձա, Շուշիում դեռ «Շուշա» գրված չէր, ադրբեջանական դրոշներ չկային, այսինքն՝ ես պարտված Արցախ չեմ թողել, ու այդ հույսը, մոբիլիզացիան բոլորի մոտ կային։
Եվ բոլորս վստահ էինք, որ մեր կամքով, խելացի հրամկազմով կարող ենք դիմակայել, բայց վերջին օրերին եղավ այն, ինչ եղավ, որը մինչեւ հիմա ուղեղիս մեջ չի տեղավորվում, ու կարծում եմ՝ շատերի մոտ չի մարսվում։ Հիմա կոնկրետ պետք է խոսեն այն մարդիկ, ովքեր փաստերով գիտեն, թե ով ինչ է արել, ինչ է թողել, ով է կանգնել մինչեւ վերջ,- ասում է զրուցակցիս ու տարակուսում պատերազմի ելքից։
– Գոնե այնտեղ, որտեղ ես եղել եմ, մենք ունեցել ենք գրագետ, ռազմագետ ճիշտ հրամանատարական կազմ, որոնց շնորհիվ թե՛ դիրքավորվելուց սկսած, թե՛ հերթապահություն, թե՛ ինֆորմացվելը շատ բարձր մակարդակի վրա էր, եւ երանի բոլոր տեղերում այդպես լիներ։ Երբեմն հիմա բաներ եմ լսում, որ գլխումս չեն տեղավորվում, բայց չեմ էլ սիրում այդ ամենը քննարկել»։
Թե այս մեկ տարվա մեջ իշխանություններին որքանով է հաջողվել լուծել երկրի անվտանգային խնդիրները, Ա․ Սաֆարյանն ասում է․ «Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե նրանք ինչ խնդիր են լուծում, կամ այս մեկ տարվա մեջ ինչ խնդիր է լուծվել, եթե լուծվել է, թող ասեն, ես էլ իմանամ։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք չենք խնդիր լուծում, այլ մեր փոխարեն լուծվում է։
Ամեն դեպքում, ես խնդրի լուծումներ չեմ տեսել, որովհետեւ կարծում եմ՝ եթե խնդիր կա, ապա դրա որոշումը պետք է ներկայացվի, եւ խնդիրը պետք է լուծվի բանակի միջոցով՝ կանգնելով սահմաններին, ընդ որում՝ պինդ կանգնելով: Ես խնդրի լուծումն այդպես եմ տեսնում, ուրիշ ձեւով՝ խնդրելով, պայմանավորվելով, ոչ մի խնդիր չեն լուծում։
Հատկապես, երբ տեսնում ես, որ այդ ամեն ինչը՝ նույն պայմանավորվածությունները, չեն պահպանվում, որովհետեւ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Առաջին հերթին մենք մեզ վրա պետք է հույս դնենք եւ տարբեր ազգերի չմեղադրենք»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում