Մամուլ

Դասերը կանցկացվեն ամենօրյա առկա ռեժիմով՝ անկախ աշակերտների թվից․ ԿԳՄՍՆ

Դասերը կանցկացվեն ամենօրյա առկա ռեժիմով՝ անկախ աշակերտների թվից․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ համապատասխան իրավակարգավորումը, ըստ որի նախատեսվում է չեղարկել դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակման հարցը, պաշտոնապես կհրապարակվի առաջիկայում:

Անդրեասյանը փաստել է, որ այս պահին գործող՝ ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանի իրավակարգավորումներով ևս դասերը կարող են իրականացվել ամեն օր` ՀՀ ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ: Փոխնախարարը խորհրդակցության մասնակից տնօրեններին կոչ է արել սահմանված կարգով գրավոր դիմել Երևանի քաղաքապետարան, որտեղից գրությունները խմբավորված կներկայացվեն նախարարություն և կտրվի ամեն օր դասեր կազմակերպելու թույլտվություն` անկախ դասարաններում աշակերտների քանակից:

janna andreasyan 1

Անդրեասյանի խոսքով` թույլտվությունը կարող է մերժվել միայն այն դեպքերում, երբ դպրոցում վարակվածների թիվը մեծ է, և ըստ առողջապահական նորմատիվների՝ կարող է վարակի տարածման օջախի առաջացման վտանգ ի հայտ գալ:

Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ռիսկերը, կուտակումներից զերծ մնալու նպատակով՝ փոխնախարարը տնօրեններին առաջարկել է առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը դպրոց կազմակերպել մեկ օր շուտ` տոնական միջոցառումն անցկացնելով բացօթյա: Նա նաև հորդորել է սահմանափակել առաջին դասարանցիներին դպրոց ուղեկցողների թիվը:

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` դպրոցներում կգործեն նաև արտաուսումնական խմբակները, ճաշարանները և երկարօրյա ծառայությունները: Փոխնախարարը նաև հիշեցրել է, որ համաձայն անցյալ տարի ընդունված երկարօրյա ծառայությունների մասին կարգի՝ այլ դպրոցի սովորողը ևս կարող է օգտվել հարևան կամ նախընտրելի որևէ դպրոցի երկարօրյա պարապմունքներից` կնքելով պայմանագիր, որի ձևաչափը հաստատված է ԿԳՄՍ նախարարության կողմից:

Դպրոցական ճաշարանների և բուֆետների գործունեության համար թույլատրված են տեղում սննդի պատրաստումը և վաճառքի կազմակերպումը:

աշակերտ

«Այժմ քննարկվում է տարրական դասարանների աշակերտների համար նաև սննդի կազմակերպման թույլտվություն տալու հարցը, որը մարզային դպրոցների համար շատ կարևոր է` հաշվի առնելով, որ տարրական դասարանների աշակերտները մարզերում նաև տաք սնունդ են ստանում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ զուգահեռաբար ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ այժմ քննարկումներ են ընթանում դպրոցական սննդի ծրագիրը նաև Երևանի կրտսեր դասարաններում ներդնելու ուղղությամբ:

Ներկայացնելով մայրաքաղաքի դիմորդների բուհական ընդունելության ցուցանիշները` ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ արդյունքները հանրապետական միջին ցուցանիշների միջակայքում են: Երևանի 4403 դիմորդներից 3151-ը կամ 71,6 տոկոսն ընդունվել է բուհ, նրանց 13,7 տոկոսն ընդունվել է անվճար հայտով:

Մայրաքաղաքի դիմորդները նախապատվությունը տվել են ԵՊՀ-ին, որն ընդհանուր միտում է ողջ հանրապետությունում, ապա հաջորդում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը և այլ բուհեր:

Կիսվել էջում