Վանեցյան-ՀՀԿ դաշինք. Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել
Վանեցյան-ՀՀԿ դաշինք. Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել
ArmLur.am-ի ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ պատրաստվում է իր թիմին հայտնել, որ իրենք Վանեցյան-ՀՀԿ դաշինքով մասնակցելու են հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հարցը քննարկել է իր մտերիմների հետ ու եկել է նման եզրակացության, որ պետք չէ ներքին կարգով օգնել «Հայրենիք» կուսակցությանը, այլ պետք է դաշինք կազմել ու ցուցակում ունենալ մեծաթիվ ՀՀԿ-ականների: Սարգսյանն այս պահին նման որոշում է կայացրել:
Հիշեցնենք, որ դեռեւս 2020 թվականի դեկետմերի 30-ին ՀՀԿ կենտրոնակայանում տեղի էր ունեցել կուսակցության գործադիր մարմնի նիստը՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ։
Քննարկվել էր երկրում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանին և Արցախին սպառնացող նոր մարտահրավերների և շարունակաբար սեղմվող աշխարհաքաղաքական միջավայրի համատեքստում:
«Ընդգծվեց, որ գործող վարչախմբի հետ որևէ քաղաքական քննարկումների ՀՀԿ մասնակցությունը բացառվում է։ Վերահաստատվեց, որ պետության վերականգնման անկյունաքարային քայլը գործող կառավարության անհապաղ հեռացումն է,- նշված էր հայտարարությունում:
Դրանից հետո կառկառուն ՀՀԿ-ականները հայտարարում էին, թե Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ գնալ ընտրությունների ինքնասպանություն է: Բայց արի ու տես, որ իրավիճակ է փոխվել: