Ոստիկանությունը՝ Ադրբեջան նշումով արցախցիների անձնագրերի մասին
Ոստիկանությունը՝ Ադրբեջան նշումով արցախցիների անձնագրերի մասին
Azatutyun.am-ը գրում է․ Արցախում ծնվածները հայաստանյան անձնագրեր են ստացել «Ծննդավայրը՝ Ադրբեջան» գրառմամբ Հայաստանի բոլոր նախորդ վարչակազմերի՝ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք՝ 1994թվականից ի վեր, երբ սկսվել է ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրման գործընթացը։ Այս մասին պարզ է դառնում Հայաստանի ոստիկանության կողմից «Ազատությանը» տրամադրած տեղեկությունից։
Նախորդ շաբաթներին հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց հրապարակումը, թե Արցախի Մարտակերտ քաղաքում ծնված անձին Հայաստանի Հանրապետությունում անձնագիր են տվել՝ «Ծննդավայրը՝ Ադրբեջան» գրառմամբ, թեև քաղաքացին բողոքել է։ Ոստիկանությունը հաստատեց փաստը։
«Ազատության» դիտարկումները ցույց տվեցին, որ ԽՍՀՄ օրոք Արցախում ծնվածների հայաստանյան անձնագրերում նախկինում նույնպես գրվել է «Ծննդավայրը՝ Ադրբեջան», գրվել է նաև՝ «Ծննդավայրը՝ Հայաստանի Հանրապետություն», և վերջերս էլ տրված անձնագրերում երկու տարբերակն էլ հանդիպում ենք։
Խորհրդային տարիներին Ստեփանակերտում ծնված և այսօր էլ այնտեղ բնակվող Լիլիթ Ասրյանը, ով Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի նախկին ղեկավարն է, դեռ 2000-ին է ստացել Հայաստանի Հանրապետության անձնագիր, ուր ծննադավայրի դիմաց նշված է եղել «Ադրբեջան»։
«Ծննդավայրը անձնագրում նշված էր Ադրբեջան։ Անձնագիրը ստացել էի 2000 թվականին Հայաստանում», – «Ազատության» հետ զրույցում ասաց Ասրյանը։
Նա ասաց, որ դրանից հետո ևս երկու անգամ փոխել է անձնագիրը, վերջինը ստացել է անցած տարվա նոյեմբերին, որում որպես ծննդավայր դարձյալ նշված է Ադրբեջանը։
Ասրյանի փոխանցմամբ, իր ընտանիքի այն անդամները, ովքեր տարբեր տարիներին անձնագրեր են ստացել Հայաստանի Հանրապետությունում, հայաստանյան անձնագրերում ծննդավայրի դիմաց նշված է «Ադրբեջան», իսկ մյուսները, ովքեր անձնագրերը ստացել են Արցախում, որպես ծննդավայր նշված է «Հայաստանի Հանրապետություն»։
Հարցին, թե արդյոք հետաքրքրվել է, թե ինչու է այդպես, Ասրյանը պատասխանեց․ – «Այո։ Ես նույնիսկ անձնագրային բաժնում այս անգամ էլ փորձեցի պարզել։ Ասացին՝ ծննդյան վկայականը բերեք, հետո ներկայացրեցի, ասեցին, որ այնտեղ նշված է Ադր․ ՍՍՀ, հետևաբար պետք է նշենք Ադրբեջան։ Էս պարագայում հարց է առաջանում, թե ինչու նույն տվյալներով ծննդական ունեցողը Արցախում ստանում է անձնագիր և նշվում է Հայաստանի Հանրապետություն»։
«Ազատությունը» պարզաբանման համար դիմեց Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանին։ Ստացանք հետևալ պատասխանը․
«ՀՀ քաղաքացու անձնագրում, որպես ծննդավայր նշվում է այն երկիրը, որն ամրագրած է նրա կողմից ներկայացվող ծննդյան վկայականում։ Խորհրդային տարիներին Ադրբեջանի տարածքում ծնված անձանց ծննդյան վկայականներում ծննդյան վայրը նշված է Ադրբեջանի ԽՍՀ, ուստի դեռևս 1994թ-ից, երբ սկսվել է ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրման գործընթացը, Ադրբեջանի ԽՍՀ-ում ծնված անձանց անձնագրերում ծննդավայրը նշվել է «Ադրբեջան»։
Միևնույն ժամանակ, իրավասու պաշտոնատար անձանց կողմից բանավոր հանձնարարվել է նաև քաղաքացիների ցանկությամբ Ադրբեջանի ԽՍՀ-ում ծնված ՀՀ քաղաքացու անձնագրում ծննդավայրը նշել Հայաստանի Հանրապետություն (վերոգրյալի վերաբերյալ իրավական հիմքեր չկան)։
Սակայն անձնագրում և ծննդյան վկայականում առկա ծննդավայրի տարբերությունը հետագայում խնդիրներ է առաջացրել անձանց համար՝ իրենց իրավունքներն իրացնելիս, ինչի արդյունքում քաղաքացիների մի մասը դիմել են իրենց անձնագրերում ծննդյան վայրի վերաբերյալ ուղղում կատարելու՝ ծննդավայրը «Ադրբեջան» նշելու համար, իսկ այն անձինք, ովքեր չեն դիմել անձնագրում փոփոխություն կատարելու համար շարունակել են օգտագործել իրենց անձնագրերը՝ ծննդավայրը «Հայաստանի Հանրապետություն» նշումով»։
Շարունակենք՝ «Ինչու «Ադրբեջան», այլ ոչ թե՝ «Ադրբեջանի ԽՍՀ», ՀՀ քաղաքացու անձնագիրը հանդիսանում է ճամփորդական փաստաթուղթ և պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO ) ստանդարտներով հաստատված են երկրների անվանումները և եռանիշ կոդերը։
Հայաստանի Հանրապետությունում ներդրված ծրագրային համակարգում կիրառվող ստանդարտներով նախկին միութենական երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի ԽՍՀ գրելաձև առկա չէ, այդ երկրները նախատեսված են առանց «ԽՍՀ» նշումի և յուրաքանչյուրն իր մասով ունի առանձին գրելաձև, օրինակ՝ Հայաստանի ԽՍՀ-ն գրվում է Հայաստանի Հանրապետություն, Վրաստանի ԽՍՀ-ն՝ Վրաստան, Ադրբեջանի ԽՍՀ-ն՝ Ադրբեջան և այլն, ուստի մշտապես ՀՀ քաղաքացու անձնագրում ծննդավայրը նշվել է հիշյալ ստանդարտներին համապատասխան»։
Հայաստանի ոստիկանությունը նաև տեղեկացնում է. – «1991թ-ից հետո ծնված անձանց անձնագիր տրամադրելիս հիմք է ընդունվում բացառապես ծննդյան վկայականներում առկա նշումը, որպես կանոն՝ ծննդյան վկայականներում նշված է «ՀՀ ԼՂՀ», ինչն էլ մուտքագրվում է համակարգ և հաշվի առնելով, որ ներկա պահին ՀՀ քաղաքացու անձնագրերում ամրագրվում է միայն երկիրը, անձնագիրը տպագրվում է ծննդավայրը «Հայաստանի Հանրապետություն» նշումով։
Ներկա պահին ՀՀ ոստիկանությունը Արցախում ծնված անձանց շարունակում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր՝ որպես ծննդավայր նշելով ծննդյան վկայականում առկա տեղեկատվությունը»։
Մանրամասները՝ Ազատության տեսանյութում