17-ամյա զբոսաշրջիկը հարբած ընկել է պատշգամբից ու մահացել
Հունաստանում հանգստացող 17-ամյա բրիտանացի զբոսաշրջիկը մահացել է հյուրանոցի պատշգամբից ընկնելու հետևանքով, հայտնում է «Ekathimerini»-ն։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ին՝ առավոտյան ժամը 5:00-ի սահմաններում, Աթենքի հյուրանոցներից մեկում։
Նախնական տվյալներով՝ դեռահասը, որը, ըստ տեղեկությունների, անօրինական ճանապարհով ալկոհոլ էր գնել, ալկոհոլ օգտագործելուց հետո ընկել է առաջին հարկի պատշգամբից՝ ստանալով գլխուղեղի ծանր վնասվածքներ։
Տուժածին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Ավելի ուշ նրանք արձանագրել են դեռահասի գլխուղեղի մահը։
Դեպքի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։
Քննության շրջանակում ձերբակալվել է 37-ամյա կրպակի աշխատակիցը, որը, ըստ իրավապահների, դեռահասին վաճառել էր ալկոհոլ և ծխախոտ։
Ոստիկանության տվյալներով՝ վաճառքը կատարվել է այն բանից հետո, երբ տղան ներկայացրել է կեղծ վարորդական իրավունք՝ որպես իր տարիքը հաստատող փաստաթուղթ։
Նախաքննությունը շարունակվում է՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։



