Մամուլ

Փրկարարները մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերեցին 65-ամյա տղամարդու մարմինը

Երեկ՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղի բնակիչ 65-ամյա Համլետ Ս․-ը ժամը 16:00-ից չի պատասխանում հեռախոսազանգերին և անհայտ է նրա գտնվելու վայրը։ 

Փրկարարները պարեկների, համայնքային ոստիկանների ու քաղաքացիների հետ սկսել են Արտաշատի ջրանցքում որոնողական աշխատանքներ, ապա Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ի Արտաշատի ջրանցքի տեղամասի ղեկավարության հետ բանավոր համաձայնություն են ձեռք բերել՝ որոնողական աշխատանքներն իրականացնելու նպատակով դադարեցնել ոռոգումը տվյալ ջրանցքով։ 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 2-ին, ժամը 04։45-ի սահմաններում որոնողական աշխատանքների արդյունքում նշված ջրանցքի Դվին գյուղի հատվածում հայտնաբերվել է քաղաքացու ջրահեղձ եղած մարմինը, և փրկարարները դուրս են բերել այն։

Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվեք ձեր էջում