Մամուլ

Փաշինյանն օգնեց նպատակասլաց գյումրեցուն, կամ 15-ամյա ֆերմերն ու ճագարի բիզնեսը Հայաստանում

Sputnik Արմենիան գրում է․ Փաշինյանն օգնեց նպատակասլաց գյումրեցուն, կամ 15-ամյա ֆերմերն ու ճագարի բիզնեսը Հայաստանում: 15-ամյա գյումրեցի Միքայելին արդեն ոչ միայն Գյումրիում, այլև ողջ հանրապետությունում են շատերը ճանաչում։ Հիմա էլ նա հոբբին բիզնեսի է վերածել։

Գյումրեցի Միքայելը Սարգսյանը, թեև դեռ 15 տարեկան է, բայց արդեն սեփական բիզնեսն ունի։ Նա խոստանում է Շիրակում զարգացնել ճագարաբուծությունը։ Մեկ տարի առաջ Միքայելը  չէր էլ կարող պատկերացնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը ճակատագրական կարող է դառնալ:

Դեռ ամիսներ առաջ`2019–ի ապրիլին, Գյումրի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած այցի ժամանակ Միքայելը խոստացավ սեփական ուժերով մաքրել Գյումրու Ավտոկայան  թաղամասի տարածքը: Վարչապետն էլ փոխարենը խոստացավ նրան ընդունել իր նստավայրում: Երկուսն էլ խոստումները պահեցին:

Հանդիպման ընթացքում Փաշինյանը Միքայելից իմացավ, որ սիրում է ճագարներ և կուզեր սեփական ֆերմա ունենալ: Վարչապետի աջակցությամբ Միքայելի երազանքն իրականություն դարձավ։ «Դավթյան ֆարմս» ընկերության համասեփականատեր, ճագարաբույծ Դավիթ Դավթյանի աջակցությամբ Միքայելը հիմա փոքրիկ ֆերմա ունի: Ոչ միայն ֆերմայով ու ճագարներով՝  Դավիթը Միքայելի կողքին է  ցանկացած հարցում: Նա խոստացել է տղային օգնել նաև ճագարի մսի իրացման հարցում:

15-ամյա գյումրեցին այսօր արդեն հոբբին բիզնեսի է վերածել. ունի մսատու համարվող կալիֆոռնիական ցեղատեսակի 10 ճագար: Ճագարներն արդեն հասցրել են ձագեր ունենալ, նոր ձագեր սպասվում են նաև առաջիկա ամսվա ընթացքում՝ արդեն 3 մայրացու կա:

ճագարի բիզնես

«Ճագար պահելու մեջ դժվարություն չկա, եթե սիրեցիր աշխատանքդ, ամեն ինչ էլ կստացվի»,-նշում է երիտասարդ ֆերմերը՝ մանրամասն ներկայացնելով ճագարներ պահելու առանձնահատկությունը՝ ջերմային անհրաժեշտ պայմաններ, մաքրություն, ժամանակին կեր ու ջուր:

Իրացման խնդիր չի ունենա՝  վստահ է  տղան: «Հայաստանում հիմա ավելի շատ պահանջարկ կա, քան առաջարկ. շուկայում մոտ 10 տոննա ճագարի մսի դեֆիցիտ կա: 600 մարդուց մեկն է օգտագործում ճագարի միս, քանի որ տարիներ շարունակ ժողովրդին վատ, սխալ կերակրած ճագարի միս է տրվել։ Ես էլ մինչև ուսումնասիրելը սխալ էի պահում ճագարներին, հիմա հատուկ համակցված կեր եմ տալիս, իսկ բարձրարժեք ճագարը շատ համեղ է, բացի այդ նաև ամենադիետիկ միսն է՝ հեշտ մարսվող»,-պատմում է ֆերմերը:

Միքայելը Sputnik Արմենիային վստահեցնում է՝ իր համար այս ֆերման պահելն ու ընդլայնելն արդեն պատվի հարցն է: «Ես պատասխանատվություն եմ վերցրել ու պետք է դա պատվով անեմ: Պետք է և՛ տեղի շուկան հարստացնեմ, և՛ Հայաստանի ճագարի մսի մասին ներկայացնեմ ամբողջ աշխարհին»,-ասում է Միքայելը:

Տղան խոստովանում  է՝ զբաղմունքը դասերին չի  խանգարում, միայն 2-3 ժամ է իրենից խլում: Ասում է՝ համադասարանցիները գիտեն իր զբաղմունքի մասին՝ տեսել են ՀՀ  վարչապետի հետ ունեցած հանդիպման տեսանյութը, ինչը հպարտանալու առիթ է:

Միքայելը այսօր արդեն երազում է ոչ միայն բիզնեսն ընդլայնելու, Հայաստանի շուկան լավ ճագարի մսով հարստացնելու, այլ նաև ճագարների գոմաղբից պարարտանյութ ստանալու մասին։ Նա պատրաստ է նաև ցանկացողներին փոխանցել իր գիտելիքները:

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել էջում