Մամուլ

Վրաերթ Երևանում․ 27-ամյա վարորդը «Սուրմալու»-ի մոտ BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Վրաերթ Երևանում․ 27-ամյա վարորդը «Սուրմալու»-ի մոտ BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Սրագիս Ս․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում, «Փեթակ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 45-ամյա Էդգար Մ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն․ և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել հետիոտնին, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

surmalu vraert

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։Տեղում ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Գալստյանն ու Նաիրի Ստեփանյանը։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել նյութով