Ազատ խոսքՄամուլ

Վարչապետի մատնանշած թռիչքաձև տնտեսական աճը վերաբերում էր միայն նրան և նրա չտես թիմակիցներին․ Համբարյան

Վարչապետի մատնանշած թռիչքաձև տնտեսական աճը վերաբերում էր միայն նրան և նրա չտես թիմակիցներին․ Համբարյան

Այս մասիս ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Գրառման մեջ ասվում է․

«Փաշինյանի թռիչքաձև տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը՝ 0,1 տոկո՞ս

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտվանից գերակտիվ է իր ֆեյսբուքյան էջում՝ ակտիվորեն ներկայացնելով Վիճակագրական կոմիտեի վերջին տեղեկությունները հանրապետությունում տնտեսական ակտիվության վերաբերյալ…

Ըստ պարոն Փաշինյանի` Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 107.8%, որն ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից…

Սակայն, պարզվում է, որ պարոն Փաշինյանի խոստացված տնտեսության թռիչքաձև աճը, ըստ մասնագետների, ընդամենը 0,1 տոկոսով է ավելի, քան 2017–ին՝ 2016–ի համեմատ արձանագրված ՏԱՑ–ը…

Հետաքրքիր է, այս 0,1 տոկոսի պատճառո՞վ է այսքան ոգևորվել պարոն Փաշինյանը… Այս անգամ պարոն վարչապետը չի վարանել նաև ներկայացնելու իր կառավարության գյուղատնտեսական ձախողումները. այն կազմել է մինուս 4,2 տոկոս…

Պարոն Փաշինյանի այսօրվա “տնտեսական” գերակտիվությունը ֆեյսբուքում պայմանավորված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված “գրիչային” և “ռեպորտաժային” սկանդալներով, որոնք մեծ վնաս հասցրեցին Փաշինյանի վարկանիշին, ինչպես նաև նպատակ ունի հասարակության ուշադրությունը շեղելու հունվարի 29-ին և 30-ին Ժնևում տեղի ունեցած Մնացականյան-Մամեդյարով հանդիպումների շուրջ տեղի ունեցող հարցադրումներից և քննարկումներից, ըստ որոնց` Արցախյան հարցի շուրջ տեղի ունեցող բանակցություններն ընթանում են ոչ հայամետ ուղղությունով…

Այս ցուցանիշներից պարզ դարձավ, որ “հետհեղափոխական” Հայաստանում պարոն վարչապետի մատնանշած թռիչքաձև տնտեսական աճը վերաբերում էր միայն նրան և նրա չտես ու դիլետանտ թիմակիցներին, որոնց ապրելու մակարդակը կտրուկ բարձրացավ…

Իսկ հասարակությանը մնաց միայն զմայլվել և ուրախանալ Վիճկոմի հրապարակած տվյալներով, որոնց արժանահավատությանը ժամանակին կասկածում և խիստ քննադատում էր ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը, նախորդներին կրկնօրինակելով, սիրում է հասարակությանը կերակրել թվերով…»։

Կիսվել էջում