Մամուլ

Վանեցյանն ու Միքայել Մինասյանը միասին են, ուղղորդվում են նույն կենտրոնից, այդ կենտրոնը Ռուսաստանն է

Վանեցյանն ու Միքայել Մինասյանը միասին են, ուղղորդվում են նույն կենտրոնից, այդ կենտրոնը Ռուսաստանն է

1in.am-ը գրում է․ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նախօրեին ՀՔԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, թե Վանեցյանի միջոցով վարչապետ Փաշինյանն իրեն գործարք է առաջարկել։

Վանեցյանն ասել էր, որ քրեական գործ է հարուցված և պետք է սպասել քննությանը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ ինքը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է այդ տեղեկությունը։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի խոսքերով՝ Վանեցյանի վերջին հարցազրույցները և գործողությունները ակնհայտորեն ցույց են տալիս, որ ինքն ու Միքայել Մինասյանը այժմ միասին են գործում։ «Ե՛վ հայտարարությունները, մեսիջներն են նույնությամբ համընկնում, և՛ Վանեցյանը Միքայել Մինասյանին պատկանող ԶԼՄ-ների ցանկալի հյուրն է, այդ ԶԼՄ-ները նրան մշտապես առաջ են մղում։

Ակնհայտ է, որ այդ երկուսը միասին գործում են ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության, և որևէ x պահի հնարավոր է, որ այդ կապը բացահայտ կդառնա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը։

Քաղաքագետի խոսքերով՝ և՛ Վանեցյանը, և՛ Միքայել Մինասյանը կառավարվում, ուղղորդվում են ռուսական կենտրոնի, ռուսական կողմից։ «Հիշենք, որ ամիսներ առաջ Միքայել Մինասյանը Մոսկվային սիրաշահող մեծ հոդված էր գրել ռուսական մամուլում և փորձում էր այդտեղ Հայաստանի դաշնակցային դերը բացատրել Ռուսաստանին և սեր էր խոստովանում Կրեմլին։

Ներկայումս ակնհայտ է, որ Միքայել Մինասյանը գործում է Կրեմլի շահերին համահունչ։ Ինչ վերաբերում է Վանեցյանին, ապա նա երբեք էլ իրեն չի դիրքավորել որպես արևմտամետ՝ ի տարբերություն Միքայել Մինասյանի, որը ժամանակին այդպիսի միֆ էր ստեղծել հանրության շրջանում, որ ինքն արևմտամետ է։

Միքայել Մինասյանի ռևերանսները որոշակիորեն զարմանալի են, բայց ներկայումս ակնհայտ է, որ նա պրոռուսական գծի մեջ է»,- ասաց Վարդանյանը։

Քաղաքագետի խոսքերով՝ տարբեր սցենարներ կարող են լինել Վանեցյանի ու Միքայել Մինասյանի մոտ, բայց ակնհայտ է, որ նրանք ինչ-որ պահի միավորվելու են, բայց առայժմ այդ երկուսը տարբեր վեկտորներից գրոհ են սկսել իշխանության վրա։ «Իսկ թե ապագայի հետ կապված ինչպիսի պայմանավորվածություն ունեն, այս պահին այդքան էլ տեսանելի չէ։

Կարծում եմ՝ քաղաքական զարգացումներից է կախված նրանց գործողությունները։ Բայց այս պահին ակնհայտ է, որ Միքայել Մինասյանը չի կարող վերադառնալ Հայաստան և հրապարակային գործունեություն ծավալել։ Հետևաբար՝ այս փուլում նա գործելու է Արթուր Վանեցյանի թիկունքից։

Բացառված չէ, որ Մինասյանը փորձում է Վանեցյանին բերել իշխանության, որը կարող է լինել իր փրկությունը, իր դեմ հարուցված քրեական գործերը վերացնելու ճանապարհը։ Տարբերակները, սցենարները մի քանիսը կարող են լինել, գործողությունները կարող են տարբեր լինել, բայց նպատակը մեկն է, որին նրանք երկուսով են լծվել ներկայումս և միասնաբար են գործում»,- եզրափակեց Վարդանյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով