Վանաձորում հետընթաց կատարելիս վրաերթի են ենթարկել 45-ամյա կնոջը․ նա տեղում մահացել է
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 14։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում, «Պահեստ» խանութի դիմաց 25-ամյա Արման Ա․-ն իր վարած «Ford Tranist» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Գոհար Պ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները։
Դեպքի մասին ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


