ԺամանցՇոու-բիզնես

Սոֆի Դևոյան կրտսերը ներկայացրել է իր դիզայներական աշխատանքների էսքիզները

Սոֆի Դևոյան կրտսերը երեկ ներկայացրել է իր դիզայներական աշխատանքների առաջին էսքիզները։ Tert.am Life–ի հետ զրույցում Սոֆին նշել է, որ աշխատանքները դեռ միայն թղթին հանձնելու հնարավորություն է ունեցել, իր համար էլ հագուստ չի կարել, սակայն շուտով կհասնի նաև այդ փուլին։ Մանկուց պարով և դերասանական աշխատանքով զբաղված աղջնակը վաղուց էր ասում, որ մեծ հետաքրքրություն ունի դիզայներական աշխատանքի հանդեպ, նկարչության էր գնում, իսկ հիմա արդեն փորձում է առաջին քայլերն անել այս ոլորտում։

Նա սովորել է դիզայներ Լիլիթ Մարգարյանի դպրոցում, ավարտելու կապակությամբ էլ երեկ ցուցադրել է իր առաջին աշխատանքները։ Սոֆին, որ մանկուց աչքի է ընկնում նաև ոճային արտաքինով, ասում է, որ իր ձեռագիրը նկատելի կլինի։ Թեև շատերն ասում են, որ 21–րդ դարում նորամուծություն անելը, գրեթե, անհնար է, Սոֆին ներկայանում է իր ասելիքով, ունի իր ոճն ու շեշտադրումները։

Sofi1

«Կարծում եմ` իմ ոճն առանձնանում է նրանով, որ ես շատ մանրակրկիտ աշխատանք եմ տանում էսքիզներիս վրա։ Շատ եմ սիրում խաղալ գույների հետ։ Անգամ, եթե սև–սպիտակ աշխատանք եմ ներկայացնում, անպայման, գունային ինչ–որ անցում եմ օգտագործում։ Կարծում եմ` նկարերը նայելիս կարելի է տարբերել իմ ձեռագիրը»,– նշել է ապագա դիզայները։

Առհասարակ, Սոֆին պաստելային գույներ է սիրում, սակայն հավաքածու ներկայացնելիս իրեն որևէ սահմանափակման տակ չի դնում։ «Ունեմ հավաքածու, որը ստեղծելիս ոգեշնչվել եմ ֆլամինգոյից և օգտագործել եմ շատ վառ գույներ։ Ընտրությունը կախված է նրանից, թե ինչ եմ անում և ինչի համար։ Ոճային առումով էլ սահմանափակում չունեմ։ Ստեղծագործում եմ և՛ դասական, և՛ երեկոյան, և՛ ամենօրյա ոճերում»,– ասել է նա։

Sofi.

Պարուհին նշել է, որ միայնակ է աշխատել իր էսքիզների վրա, թեև ընտանիքի անդամների կարծիքները լսում է։ «Փորձել եմ իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անել։ Իհարկե, գաղափարներս կյանքի կոչելու հարցում ընտանիքս ինձ կօգնի, երբ կարիք ունենամ։ Ֆինանսական առումով ինչ–որ չափով իրենք ինձ կօգնեն, ինչ–որ չափով ինքս կհոգամ ծախսերս։ Քանի որ ես փոքր ժամանակվանից գումար եմ աշխատում, կարծում եմ, սա այն ճիշտ տեղն է, որտեղ կարող եմ օգտագործել իմ աշխատած գումարը»,– ասել է Սոֆին։

Վերջինս այս փուլում չի նկարահանվում, սակայն եկամտի աղբյուր ունի։ Մանկուց պարով զբաղվող աղջնակն արդեն դասավանդում է տատիկի` Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի թատրոնում», ունի իր խումբը, ինքն էլ պարում է տատիկի խմբում և որոշակի եկամուտ ունենում ելույթներից։ Անդրադառնալով նոր նախագծերում նկարահանվելուն` Սոֆին նշել է, որ գուցե առաջիկայում ունենա լավ առաջարկներ և ներգրավվի որևէ նախագծում, սակայն այս տարին իր համար ծանրաբեռնված է, պատրաստվում է ընդունելության քննություններին, թեև դեռ վերջնական չի կողմնորոշվել` ո՞ր ուղղությունը կընտրի` դիզայներությո՞ւնը, թե՞ պարը։

Կիսվել նյութով