ՄամուլՔաղաքականություն

Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ. ինչ է կատարվում Արցախում. «Ժողովուրդ»

Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ. ինչ է կատարվում Արցախում

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած Արցախում ընտրական գործընթացներն արդեն անցյալում են, սակայն քաղաքական թեժ զարգացումները դեռ առջեւում են:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տանելուց հետո նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է լծվի կադրային փոփոխությունների եւ նոր համակարգ ձեւավորելու գործին: Եվ հենց այստեղ էլ թաքնված են խնդիրները:

Բանն այն է, որ երեկ համագործակցության հուշագիր ստորագրվեց Արայիկ Հարությունյանի եւ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի միջեւ: Համաձայն պայմանավորվածության՝ Սամվել Բաբայանը նշանակվելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար՝ փոխարինելով Արշավիր Ղարամյանին:

Մեր տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը դեռեւս չի ցանկանում բավարարվել իրեն առաջարկված պաշտոնով, ցանկանում է ավելի մեծացնել իր լիազորությունները եւ դառնալ Արցախում գործոն:

Սակայն այս նշանակման մասին տեղեկություններն արդեն իրարանցում են առաջացրել Արցախում, քանի որ այդ երկրի էլիտան չի պատկերացնում, թե ինչպես է ապրելու, աշխատելու մի երկրում, որտեղ Սամվել Բաբայանը բարձր պաշտոն է զբաղեցնում:

Անհանգստացած են բոլորը՝ առանց բացառությունների՝ Սամվել Կարապետյան (Օգանովսկի), Արշավիր Ղարամյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան ու էլի շատ շատերը: Բանն այն է, որ Արկադի Ղուկասյանի դեմ 2000 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած մահափորձից հետո տարիներ շարունակ Արցախի իշխանական էլիտան Բաբայանին, կարելի է ասել, վտարել էր Արցախից:

Նաեւ Բաբայանի առանձնատունն էին պետականացրել՝ վերածելով մանկապարտեզի: Հիմա պայմանավորվածություն կա, որ Բաբայանին կվերադարձվի նաեւ նրա առանձնատունը:

Ու սա դեռ սկիզբն է, ինչն էլ հենց անհանգստացնում է Արցախի էլիտային: Նրանք երաշխիքներ են պահանջում Արայիկ Հարությունյանից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել նյութով