Մամուլ

Ջերմուկի դիրքերում զոհված 19-ամյա Տիգրան Բաբիկյանը նռնակով պայթեցրել է իրեն գերի չընկնելու համար (ֆոտո)

Ջերմուկի դիրքերում զոհված 19-ամյա Տիգրան Բաբիկյանը նռնակով պայթեցրել է իրեն գերի չընկնելու համար (ֆոտո)

News.am-ը գրում է․ Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է 19-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Տիգրան Բաբիկյանը։

19-ամյա Տիգրան Բաբիկյանն Արագածոտնի մարզի Կարբի գյուղից էր։ Բանակ էր զորակոչվել է 2021 թվականի ամռանը։ Սկզբում ծառայել է Վանաձորում, ապա տեղափոխվել Ջերմուկ։

«Տիգրանը վերջին անգամ հորեղբոր որդու հետ է խոսել՝ կեսգիշերին։ Ասել, որ հեռախոսն անջատում է, ու դրանից հետո այլեւս չի ստացվել հետը կապվել։ Մենք հարեւան դիրքի դիտարկողից իմացել ենք, որ իրենց դիրք ադրբեջանցիների են մտել։

tigran babikyan

Մենք էլ իր ստացած վնասվածքներից ենթադրում ենք, որ պայթեցրել է նռնակով գերի չընկնելու համար։ Մեր տեղեկություններով սեպտեմբերի 13-ի լուսադեմին է զոհվել»,- News.am-ի հետ զրույցում պատմեց Կարբի համայնքի ղեկավար Ռոլանդ Հակոբյանը։

Համայնքի ղեկավարը հիշում է՝ Տիգրանը բարի էր, ժպտադեմ ու դաստիարակված։ Սիրողական մակարդակում զբաղվում էր բռնցքամարտով։ Ընտանիքի միակ որդին էր, ուներ երեք քույր։

Տիգրանը եղել է սեպտեմբերի 20-ին Ադրեբեջանի կողմից Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում։

Կիսվել նյութով