Մամուլ

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին և երկու մեքենա․ կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Նոր Գեղի բնակավայրի Ֆրոնտիկ Թևոսյան փողոցում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը, «BMW X5» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Քննիչի հանձնարարականով ավտոբուսն ու ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում