Մամուլ

Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանն Էրդողանին. նոր բա՞ն է սկսվում

«Առաջին լրատվական»-ը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառումով բավական կոշտ է արձագանքել Թուրքիայի նախագահ Էրդողանի ապրիլքսանչորսյա հայտարարություններին: Այդ հայտարարություններն իրենց հերթին աննախադեպ կոշտ էին, և Էրդողանը ուղղակի անցել էր «հակամեղադրանքի», ոչ միայն ժխտելով ցեղասպանության փաստը, ինչը նոր չէ իհարկե, այլ նաև հայտարարելով, թե «հայ հրոսակներին և նրանց աջակիցներին» սպանելը Թուրքիայի գործողության միակ «տրամաբանականն» տարբերակն էր:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 1,5 միլիոն մարդու սպանությունը, ազգի ոչնչացնելու ցեղասպան գործողությունը այդպես գնահատելը վիրավորանք է ոչ միայն հայ ժողովրդի, այլ համայն մարդկության հասցեին, և աշխարհն այդ ամենի հանդեպ չպետք է լռի:

Անկասկած է, որ Հայաստանի վարչապետի կոշտ արձագանքը լիովին համարժեք է Էրդողանի թույլ տված իրապես հակաքաղաքակրթական քայլին և հայտարարություններին: Միևնույն ժամանակ անկասկած է, որ սա ամենևին հայ-թուրքական լոկ դրվագային «երկխոսություն» չէ, այլ, ըստ էության, որոշակի ռեգիոնալ և միջազգային իրավիճակի արտացոլում՝ թե՛ Թուրքիայի նախագահի այդ հայտարարությունների, թե՛ Երևանի միանգամայն համարժեք արձագանքի դրսևորումներով: Ըստ այդմ, խնդիրն ավելի լայն է և անհրաժեշտ է հասկանալ դրա ներկայիս լայն աշխարհաքաղաքական համատեքստը:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է աշխարհին չլռելու կոչին, որ հղում է Հայաստանի վարչապետը: Ինքնին որպես կոչ այն անշուշտ հասկանալի է, սակայն հարցը տվյալ դեպքում այն է, թե արդյո՞ք Երևանն այդ իմաստով ունի աշխարհին անելիք նոր առաջարկներ՝ հայկական հարցի այս համատեքստում:

Ակնառու է, որ Երևանը հայկական հարցի համատեքստում արդեն իսկ անում է շոշափելի քայլեր արցախյան ուղղությամբ: Անվիճելի է, որ սա հայկական հարցի մի առանցքային բաղկացուցիչն է: Սակայն իր հերթին հետաքրքիր է, թե ինչ նոր մոտեցումներ կամ նախաձեռնություններ կարող է ունենալ Երևանը հենց «բուն»՝ հարցի պատմա-քաղաքական բաղադրիչի, ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման խնդրի ուղղությամբ:

Այժմ անկասկած նկատվում է դրա որոշակի աշխուժության նոր փուլ, որն արտացոլվում է թե՛ Իտալիայի խորհրդարանի շաբաթներ առաջ ընդունած բանաձևով, թե՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշումով՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելը, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյա հերթական ուղերձով, որն իր տողատակային նրբերանգներով շոշափելիորեն տարբերվում էր և քաղաքական-դիվանագիտական ակնարկային բազայով անհամեմատ հարուստ էր նրա նախորդ երկու ուղերձների և, ընդհանրապես, վերջին տարիներին ԱՄՆ նախագահական ուղերձների ֆոնին:

Առավել մանրամանս՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով