Մամուլ

Նախատեսվում է Երևանում կառուցել 71-հարկանի երկրաքեր

Նախատեսվում է Երևանում կառուցել 71-հարկանի երկրաքեր: Երևանում նախատեսում են մայրաքաղաքի առաջին երկնաքերը կառուցել՝ 270 մետր բարձրությամբ, 71 հարկով։

Բազմաֆունկցիոնալ համալիրը թռչնի թռիչքի բարձրությունից անմոռուկի տեսք կունենա։

Նախագծի նախաձեռնողը «Լաուրա ինվեսթմընթ» ընկերությունն է, որը «Էլոյան Արքիթեքտս» ընկերության հետ միասին 2017 թվականից սկսել է նախաներդրումային փուլի և ճարտարապետական հայեցակարգի մշակման աշխատանքները։

«Կոնցեպցիայի մշակումը արդեն ավարտին է մոտենում, և սկսվում են արդեն նախագծային աշխատանքները», – ասաց «Լաուրա ինվեսթմընթ» ընկերության ներկայացուցիչ Մերի Մկրտչյանը:

Նրա խոսքով, ևս երկու տարի էլ նախագծային աշխատանքները կտևեն, իսկ շինարարությունը՝ մոտ 5 տարի: Ծրագրի նախաձեռնողները վստահեցնում են, որ այդ ընթացքում նաև նոր աշխատատեղեր կբացվեն:

Իսկ արդյոք ռիսկային չէ սեյսմավտանգ Երևանում 71 հարկանի երկնաքեր կառուցելը: «Անմոռուկ» անունը ստացած նախագծի նախաձեռնողներն ասում են, թե իրենք ամեն ինչ հաշվի են առել։

Նախագծի ինժեներական խորհրդատվությամբ «Բայնոնա» միջազգային ընկերությունն է զբաղվում։ Մերի Մկրտչյանն ասում է․ – «Բոլոր տեխնիկական պահանջները ներկայացված են և բոլոր լուծումները կան: Բացարձակ անհանգստանալու կարիք չկա»:

«Բայնոնա» ընկերության ներկայացուցիչ Ավետ Մուրադյանն իր հերթին վստահեցնում է․ – «Ինժեներական փորձն այն աստիճանի է հասել, որ նման խնդիրների լուծումները գտնված են: Ճապոնիան մեկ օրինակ է․ նույն սեյսմիկ գոտում է, բայց արդեն լուծումները գտնված են»: 

«Ամոռուկ» բացմաֆունկցիոնալ շենքը նաև 200 հեկտար մակերեսով հանգստի գոտի կունենա: Նախնական հաշվարկով, նախագիծն ամբողջությամբ կյանքի կոչելու համար 250 միլիոն դոլար պետք կգա։ «Լաուրա ինվեսթմընթ» ընկերությունից, սակայն, դեռ չեն մանրամասնում, թե ովքեր են ներդրողները: Հաստատում են միայն, որ ներդրումները հենց Հայաստանից են լինելու։

Երկնաքերը նախատեսվում է կառուցել Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքում։

Նյութի աղբյուր՝ azatutyun.am

Կիսվել էջում