Մշակույթ

Մուրճով փխրուն օրիորդը. ինչպես Նարինեն խաչքարագործություն սովորեց և տեղափոխվեց հայրենիք․ ֆոտո

Մուրճով փխրուն օրիորդը. Բաց երկնքի տակ, առանց դռների ու պատերի արհեստանոցում քար ու մուրճի հետ 24–ամյա մի գեղեցկուհի է աշխատում։ Երևանի Արամի և Կողբացի փողոցների խաչմերուկում  գործող խաչքարերի արհեստանոցի կողքով անցորդներն արդեն երեք ամիս է՝ զարմացած դանդաղեցնում են քայլերը. մասնագիտությամբ ճարտարապետ լիբանանահայ Նարինե Փոլադյանը տղամարդկանց հավասար վարպետություն է դրսևորում։ Sputnik Արմենիայիհետ զրույցում աղջիկը պատմում է, որ մոտ երկու տարի է՝ բնակվում է հայրենիքում: Հենց այստեղ`Համբարձումյան եղբայրների արհեստանոցում էլ նա խաչքարագործություն է սովորել:

«Հաճախ էի անցնում այս արվեստանոցի կողքով և ամեն անգամ զգում էի, որ սիրտս ջերմությամբ է լցվում, որ մի հարազատ կարոտ կա ներսում»,–իր առաջին զգացողությունների մասին Sputnik Արմենիայի թղթակցին է պատմում խաչքարագործ Նարինեն։ Բնավորությամբ ամաչկոտ աղջիկը մի օր քաջություն է հավաքում ու մոտենում արհեստանոցի վարպետ Համբիկ Համբարձումյանին։

Նա վստահ հայտարարում է, որ ուզում է խաչքարագործություն սովորել։ Համբիկը, թեև զարմանում է, բայց չի առարկում։ Ժամանակի ընթացքում վարպետը փորձում է ամեն կերպ իր գիտելիքները փոխանցել Նարինեին։ Ինչպես ամեն գործի սկիզբում, այստեղ էլ դժվարություններ կային, ու Նարինեն խոստովանում է, որ սկզբից ո՛չ ինքը, ո՛չ վարպետն իր աշխատանքից գոհ չէին։ Որոշ ժամանակ անց Նարինեն արդարացնում է վարպետ Համբիկի սպասելիքները և ստանում այդքան սպասված աշխատանքի հրավերը։

Մուրճով փխրուն օրիորդը

«Իմ առաջին աշխատանքը Ջուղայի խաչքարի կրկնօրինակն էր, բայց այն ստեղծել եմ վարպետիս օգնությամբ: Սկզբում դժվար էր, քանի որ կային նախշեր, որոնց ծանոթ չէի»,–պատմում է Նարինեն:

Աղջկա ամենօրյա աշխատանքն ուղեկցվում է անցորդների սևեռուն ու զարմացած հայացքներով։ Երբեմն զբոսաշրջիկները մոտենում են ու իրենց հիացմունքն արտահայտում, բայց չեն մոռանում ավանդական հարցը, թե դժվա՞ր չէ փխրուն աղջկա համար այդչափ ծանր գործը։ Նարինեի պատասխանը միշտ նույնն է` եթե մարդն ամբողջ  հոգով մի բան ուզում է անել, ապա դժվարությունը նահանջում է: «Սկզբում ծնողներս դեմ էին, որ ես Հայաստանում մենակ ապրեմ։ Նրանք անընդհատ հետ էին կանչում ինձ Լիբանան, բայց հիմա համակերպվել են, որ ես Հայաստանը չեմ լքելու, որովհետև այստեղ ինձ երջանիկ եմ զգում»,–ասում է նա։

Մուրճով փխրուն օրիորդը

Նարինեի երկու քույրերն ու մայրը անցած տարի առաջին անգամ են Հայաստան եկել ու շատ են հավանել իրենց հայրենիքը։ Մեկ ամիս հետո հայրը ևս կայցելի։ Նա առաջին անգամ է հայրենիք գալու: Նարինեն փորձում է ծնողներին համոզել, որ նրանք ևս մշտական բնակություն հաստատեն Հայաստանում։ Աղջիկը հպարտությամբ է ասում, որ իր շնորհիվ են ծնողները տեսել Հայաստանը, քանի որ նրանք ծնվել ու մեծացել են Լիբանանում:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել նյութով