Մամուլ

Մենք շատ պարզ ասում ենք՝ այո՛, փոխզիջում է, և դա Արցախն էլ է ասում. Զոհրաբ Մնացականյան

Մենք շատ պարզ ասում ենք՝ այո՛, փոխզիջում է, և դա Արցախն էլ է ասում. Զոհրաբ Մնացականյան

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց.

«2016 թվականին, այն ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը  ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ սեղանին եղել է փաստաթուղթ, որը ենթադրում էր նախ՝ Արցախի որոշ շրջանների հանձնում, ապա՝ Արցախի ստատուսի հստակեցում:

Հիմա մենք ճի՞շտ ենք հասկանում արդյոք, որ այդ փաստաթուղթը և որևիցե այլ փաստաթուղթ, որն ունի նման բովանդակություն, չի քննարկվում»,- ասաց  Ռուբինյանը:

Ի պատասխան՝ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Արցախի հարցի վերաբերյալ նախորդ ժամանակաշրջանների վերաբերյալ քննարկումներն ունեցել են իրենց տրամաբանությունը, բայց չեն ունեցել հանգուցալուծում, և հիմա ինքը չէր ցանկանա վերլուծել, թե ինչպես կարող էր լինել:

«Մենք ստանձնել ենք մեր պատասխանատվությունը, մենք ստանձնել ենք մի պայմաններում, երբ դրանից առաջ եղել է պատմություն: Ինչ վերաբերում է մեր շրջանին, ապա, բնականաբար, կան համանախագահները, կա մյուս կողմը, և միակ նորը մենք ենք, և երբ ներգրավվեցինք, բնականաբար, այդ հարցը չէր վերացել:

Մեզ համար չափազանց էական էր ի հայտ բերելու կոնկրետ բանակցությունների այն արգելակները, որոնք հնարավորություն չեն տալիս մեզ շարժվել մի ուղղությամբ, որտեղ մենք տեսնում ենք  պարտավորությունների անհամաչափություն:

Մենք  չենք կարող ընդունել մի իրավիճակ, որտեղ սպասվում է, որ պետք է ստանձնեք, պարտավորություն, որը շոշափելի է և կոնկրետ, և դրան զուգահեռ՝ ունենանք ոչ հստակ պարտավորություն մյուս կողմից: Դա անհամաչափություն է, որը որևէ մեկը չի կարող համաձայնել: Սա է ամենակարևոր խնդիրը: Մենք շատ պարզ ասում ենք՝ այո, փոխզիջում է, և դա Արցախն էլ է ասում:

Փոխզիջումը նշանակում է՝ համադրվող պարտավորություններ, որոնց անհամաչափությունն էլ ստանում է մեր արձագանքը: Սա չափազանց բարդ խնդիր է, բայց մենք բացառում ենք, որ այլ կերպ անենք, ստեղծենք իրավիճակ, որտեղ անվտանգային համակարգը խարխլվի»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Կիսվել նյութով