Մեկ տարի կոմայի մեջ գտնվելուց հետո կյանքից հեռացել է 21-ամյա մոդելը
Ալթայի երկրամասում մահացել է 21-ամյա մոդել Դիանա Գալինան, որը 2025 թվականի փետրվարից գտնվում էր ծանր վիճակում և այդպես էլ չէր վերականգնել գիտակցությունը։ Նրա մահվան մասին հայտնել է Բարնաուլի «Style» մոդելային գործակալությունը։
Aif.ru-ի փոխանցմամբ՝ Դիանան փետրվարին Չինաստանում աշխատանքի ընթացքում անգիտակից վիճակում էր հայտնվել։
Բժիշկների եզրակացությամբ՝ դրա պատճառը եղել է աորտայի անևրիզմայի պատռվածքը։ Չինաստանում նրան մի քանի վիրահատության են ենթարկել, սակայն գիտակցությունը չի վերականգնվել։
Ավելի ուշ մոդելին տեղափոխել են Ռուսաստան՝ սկզբում Բլագովեշչենսկ, այնուհետև՝ Ալթայի երկրամասի տարբեր բուժհաստատություններ։
Բժիշկների գնահատմամբ՝ նրա վիճակը դարձել էր կայուն, սակայն պահպանվում էր ծանր նյարդաբանական՝ վեգետատիվ վիճակը, որի դեպքում հիվանդը կարող է ինքնուրույն շնչել և բացել աչքերը, բայց չի ցուցաբերում գիտակցված արձագանքներ։
Այդ ընթացքում ընտանիքը խնամում էր Դիանային տանը՝ ապահովելով շուրջօրյա խնամք և անհրաժեշտ բուժօգնություն։ Հարազատների խոսքով՝ բժիշկները հույս էին հայտնում, որ որոշ ռեֆլեքսներ կարող են պահպանվել, սակայն լիարժեք վերականգնման հնարավորությունը գնահատվում էր որպես խիստ սահմանափակ։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Դիանա Գալինան մահացել է 2026 թվականի հունիսի 26-ին։ Նրա մահվան մասին պաշտոնապես հայտնել է նաև «Style» գործակալությունը՝ նշելով, որ նա նպատակասլաց, աշխատասեր և դրական անձնավորություն էր։
Հուղարկավորության օրվա և վայրի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չի հրապարակվել։


