Մամուլ

Մեկ տարի առաջ վթարի ենթարկված Mercedes-ի վարորդը, ով մտածում էր, որ կորցրել է խոշոր չափի գումարը, հայտնաբերեց այն Սիսիանի ոստիկանությունում

Մեկ տարի առաջ վթարի ենթարկված Mercedes-ի վարորդը, ով մտածում էր, որ կորցրել է խոշոր չափի գումարը, հայտնաբերեց այն Սիսիանի ոստիկանությունում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սյունիքի մարզի բնակիչ՝ 49-ամյա Արտակ Հարությունյանը, ով 2021 թվականի փետրվարի 15-ին Սյունիքի մարզում ավտովթարի էր ենթարկվել ու տեղափոխվել էր հիվանդանոց, հոկտեմբերի 6-ին ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածքից ստացել է վթարի ժամանակ իր կողմից վարած ու վթարված Mercedes մակնիշի ավտոմեքենան։

2021 թվականի փետրվարի 15-ին, ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 192 կմ հատվածում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Հովհաննես Մարկոսյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Ա. Հարությունյանի վարած Mercedes-ին։

vostikanutyun

Վթարի հետևանքով Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Գորիսի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 39-ամյա Արմինե Պետրոսյանը, 27-ամյա Աննա Ղուկասյանը, Երևանի բնակիչ՝ 59-ամյա Անուշ Դավթյանը և Mitsubishi-ի վարորդ Հ. Մարկոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սիսիան» ԲԿ։

Մեկ տարի վթարի փաստով նախաքննությունը շարունակվել է, ապա, երբ քննչական բաժինը ստացել է ավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության պատասխանները, Ա. Հարությունյանին տեղեկացրել են, որ նա կարող է մոտենալ ոստիկանության Սիսիանի բաժին ու պահպանվող հատուկ տարածքից ստանալ վթարված ավտոմեքենան։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղի ունեցած ավտովթարից հետո Ա. Հարությունյանը իր հարազատներին ու ընկերներին հայտնել էր, որ ավտոմեքենայում վթարի ժամանակ եղել է խոշոր չափի գումար, սակայն ինքը չգիտի, թե ինչպես և ինչ պայմաններում գումարը կորել է։

Օրեր առաջ, երբ նա ավտոմեքենան ստացել է ոստիկանության Սիսիանի բաժնի ոստիկանների կողմից, նրան տեղեկացրել են, որ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի գումար և այն փոխանցել են Ա. Հարությունյանին։

Պարզվել է, որ գումարը եղել է ավտոմեքենայի «բարդաչոկի» անկյունային հատվածում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այն եղել է 4.800 եվրո։

Կիսվել նյութով