Մամուլ

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով միջնորդության նիստը

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավով փոխարինելու հարցի քննությունը։

Հիշեցնենք, որ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությամբ են հանդես եկել երկրորդ նախագահի պաշտպանները։

Միջնորդությունը ներկայացնելու հիմքում դրվել է այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին դատարանի որոշումից անցել է ավելի քան չորս ամիս և այդ ընթացքում որևէ կերպ գործին խոչընդոտելու գործողություն նրա կողմից չի կատարվել, ինչը չեն հերքում ո՛չ վարույթն  իրականացնող մարմինը, ո՛չ էլ Գլխավոր դատախազությունը:

Երկրորդ նախագահի պաշտպանները համարում են, որ որևէ հիմք չկա Ռոբերտ Քոչարյանին այս պահին կալանքի տակ պահելու համար, նաև այն, որ գրավի կիրառումն այս պահին միակ միջոցն է, որով ազգային դատարանը կարող է նվազագույնի հասցնել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը:

Նշենք, որ պաշտպանների կողմը գրավի չափ չի նշել՝ թողնելով դատարանի հայեցողությանը։

Մինչև դատական նիստերի դահլիճ մտնելը, Քոչարյանի փաստաբանը նշեց, որ իրենք որևէ կանխատեսումներ անել չեն ցանկանում, ամեն ինչ կորոշի դատարանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Իսկ այսօրվա դատը վարում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով