Մամուլ

Մաքսային ծառայության նախկին պետը «Գոլդեն փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը, որը գնահատվում է 20 մլն դոլար

Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը օրեր առաջ դիմել է Պետական գույքի կառավարման վարչություն և հայտնել, որ Ծաղկաձորի “Գոլդեն փելես” հյուրանոցը նվիրում է պետությանը: Այս մասին Տավուշի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ Արմեն Ավետիսյանի նկատմամբ կա հարուցված քրեական գործ:

«Բայց ըստ ամենայնի, նրանք նաև հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար  այսպիսի քայլի են դիմել: Եվ եթե այս պրոցեդուրան մինչև վերջ գնա, մենք պետք է այդ հյուրանոցը հրապարակային հանենք աճուրդի: Գնահատում են, որ դա 10-15, ընդհուպ ասում են՝ մինչև 20 մլն դոլար կարող է արժենալ: Եվ այդ գումարները պետք է մուտքագրենք պետական բյուջե»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ  համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը:

Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը` հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարեկրյա ներդրում են: Արմեն Ավետիսյանն անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաև նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը:

Հատկանշական է, որ օտարերկրյա ներդրումներով հյուրանոցը կառուցված լինելու փաստարկն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թվականին  հյուրանոցի  բացման արարողության ժամանակ հանրությանը, որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որևէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացու, ով որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն:

Այնուհետև, ընդլայնելով հյուրանոցային բիզնեսը` նույն կազմակերպության անունից 2010-2012 թթ.  Ծաղկաձորում կառուցվել է  «Գոլդեն Փելես» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը:

Հետագայում` 2018 թվականին, Արմեն Ավետիսյանի և նրա որդու կողմից Երևանի Հյուսիսային պողոտայում  հիմնադրվել է երրորդ` «Գոլդեն փելես բուտիկ» հյուրանոցը:

Ի դեպ, վերոնշյալ երեք հյուրանոցների շուկայական ընդհանուր արժեքը 2016 թվականին գնահատվել է շուրջ 90 մլն ԱՄՆ դոլար:

Աղբյուր՝ Lragir.am

Կիսվել էջում