Մամուլ

Մարտի 1-ի գործով տուժող ճանաչված քաղաքացին պատրաստվում է դիմել ՀՀ կառավարությանը՝ աջակցություն ստանալու համար

Մարտի 1-ի գործով տուժող ճանաչված Անդրանիկ Հարությունյանը, որն այդ այունոտ դեպքերի ժամանակ կորցրել էր տեսողությունը, պատրաստվում է դիմել ՀՀ կառավարությանը՝ աջակցություն ստանալու նպատակով։

Անդրանիկ Հարությունյանը 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ 17-ամյա պատանի է եղել։ Մարտի 1-ի երեկոյան՝ ժամը 23։00-ի հատվածում, Լեո փողոցի մոտ վիրավորվել է՝ իր պնդմամբ՝ ոստիկանների հարձակման հետեւանքով։ Վնասվել է Անդրանիկի մեկ աչքը, այն կուրացել է․

«Ես մասնակցում էի ցույցերին, հարազատներս եկան, տարան տուն, գնացի, բայց գիտեի, որ նորից կհարձակվեն ժողովրդի վրա, դրա համար հետ եկա։ Լեոյի փողոցով քայլում էի, էդ ժամանակ ոստիկանները հարձակվեցին մեր վրա, փոքր եղբորս հետ էի, իրեն տարա հետ, եկա առաջ, ու կրակեցին՝ չգիտեմ ինչով։ Մարտի 1-ի երեկոյան էր, 11-ի կողմերը, մի հոգու մեր դիմաց կրակեցին, մենք օգնում էինք, ու էդ ժամանակ ինչ-որ պայթյուն եղավ, ընկա գետնին»,- մեր զրույցում պատմեց Անդրանիկ Հարությունյանը։

Վերջինիս վնասվածքը հիվանդանոցում նշել են որպես միջին ծանրության, այնինչ, Անդրանիկի խոսքով՝ երբ մարդը տեսողությունը կորցնում է, կիսատ է դառնում, եւ դա միջին ծանրության վնասվածք չէ, այլ ծանր։

Անդրանիկ Հարությանյանին պետպատվերի շրջանակներում առողջապահության նախարարության աջակցությամբ վիրահատել են 5 ամիս առաջ, դժվարությամբ պահպանել են աչքը։ Տուժողի այդ աչքն ընդհանրապես չի տեսնում, դրա պատճառով վատացել է նաեւ մյուսի տեսղությունը, որը եւս պիտի վիրահատեն, հակառակ դեպքում՝ ընդհանրապես կկորցնի տեսողությունը։

Մինչ այս՝ Անդրանիկը պետությունից որեւէ աջակցություն չի ստացել, վնասված աչքի պատճառով մյուս աչքի վատացող տեսողության բուժման բոլոր ծախսերը տարիներ շարունակ հոգացել է անձամբ․

«Նոր կառավարությունն եկել է, արդեն օգնում են, ոգեւորվել ենք։ Առաջ մենակ վնաս էին տալիս»,- նկատեց մեր զրուցակիցը»։

2008 թվականին տուժողի հետազոտության փաստաղթղթերում նշված է եղել հոնքի շրջանի սալջարդ, այտոսկրի կոտրվածք, միայն Մալայան հիվանդանոցում են արձանագրել աչքի միջին ծանրության վնասվածք։

Տուժողի պնդմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունն իրեն Սերժ Սարգսյանի կեղծված փաստաթղթերի հիման վրա է միջին ծանրության վնասվածք ստանալու վերաբերյալ փաստաթուղթ տալիս։

Անդրանիկ Հարությունյանը պատրաստվում է դիմում գրել՝ նոր դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, որպեսզի արձանագրվի իր ստացած ծանր վնասվածքը։ Բոլոր թղթերը պատրաստելուց հետո՝ կդիմի աջակցության համար։

Հարությունյանը մեր զրույցում դիմելով Մարտի 1-ի ժամանակ տուժածներին՝ կոչ արեց նրանց անպայման գնալ դատարններ, պատմել ու բարձրաձայնել տեղի ունեցած մասին՝ առանց վախենալու։

Նա ասաց, որ նոր կառավարության հանդեպ վստահություն ունեն, կարծում են՝ Մարտի 1-ի մեղավորները կբացահայտվեն ու կպատժվեն, բայց, մեր զրուցակցի խոսքով, ժողովուրդը պետք է աջակցի վարչապետին։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների մահացած անձանց իրավահաջորդները կստանան 30.000.000 դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձինք՝ 15.000.000 , առողջությանը միջին ծանրության վնաս ստացածները` 5.000.000 դրամ փոխհատուցում։

Որոշումը մոտ երկու ամիս առաջ ընդունվել է ՀՀ կառավարության հերթական նիստում։ Որոշման անհրաժեշտությունը բխում է սույն թվականի հունիսի 20-ին ուժի մեջ մտած «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» ՀՀ օրենքից։

Դրանով նախատեսվում է 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրումը:

Այս օրենքով կառավարությունը լիազորվել է սահմանել տուժածների աջակցության տրամադրման ձևը, չափը, տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը և այդ դիմումի քննարկման կարգը:

Հիշեցնենք` 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երևանի կենտրոնում զանգվածային բողոքի գործողություններ, ոստիկանության հետ բախումներ տեղի ունեցան, որոնց հետևանքով զոհվեց 10 մարդ (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ), վիրավորվեցին հարյուրավոր քաղաքացիներ։ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով:

Աղբյուր՝ armtimes.am

Կիսվել էջում