Մամուլ

Ճապոնիան Հայաստանին 16 մլն դոլարի նվեր է հանձնել. Ճապոնիայի դեսպանը խոսել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է եղել Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ ԱԻՆ-ին տրամադրված 16 մլն դոլարի փրկարարական տեխնիկայի հանձնման արարողությանը։

«Ճապոնիան առաջնահերթ է համարում աջակցել աղետների կանխարգելման ոլորտին։ Սյունիքի, Լոռու , Շիրակի մարզերում առկա է ճանապարհային պայմաններին ու քաղաքային բնակավայրերին համապատասխան հրդեհային սարքավորումների պակաս։ Բացի այդ հակահրդեհային սարքավորումների մեծ մասը մաշված է ու անվտանգության առումով բավական թերի, ինչը խոչընդոտում է արագ հրդեհաշիջման աշխատանքներին և հանգեցնում վնասների մեծացմանը»,- պաշտոնական միջոցառմանը իր հայերեն լեզվով ելույթում ասաց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան։

Ճապոնիայի կառավարության տրամադրած տեխնիկական միջոցները ՀՀ ԱԻՆ ղեկավարության որոշմամբ տրամադրվելու են փրկարար ծառայության Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային ստորաբաժանումներին։

Ճապոնիայի կառավարության նվիրատվությունը կազմում են 40 հրշեջ և 10 ամենագնաց մեքենա` 16 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։

«Հայ փրկարարը կարող է ոչ միայն փրկել իր համաքաղաքացիներին, այլև անհրաժեշտության դեպքում ձեռք մեկնել օգնության կարիք ունեցող այլ երկրների քաղաքացիներին` անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից»,– իր ելույթում հայտարարեց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա նաև շեշտեց, որ հայ փրկարարներն արդեն մի քանի ամիս հումանիտար առաքելություն են իրականացնում Սիրիայում` փրկելով բազմաթիվ կյանքեր։

Պաշտոնական արարողությունից հետո բարձրաստիճան հյուրերը մոտիկից ծանոթացան փրկարարական տեխնիկային` ուսումնասիրելով դրանց կառուցվածքն ու գործառնական առանձնահատկությունները։

Կիսվել էջում