Մամուլ

Ճահճում դի է հայտնաբերվել․ հայտնի են մանրամասներ

Ռուսաստանի Կալինինգրադի մարզում դատարանը Սերգեյ Գամմային ցմահ ազատազրկման է դատապարտել՝ 7-ամյա խորթ որդուն ծեծի ենթարկելու հետևանքով սպանելու համար։ Երեխայի մայրը՝ Անաստասիա Գամման, դատապարտվել է 6 տարվա ազատազրկման և զրկվել ծնողական իրավունքներից։

Դատախազության տվյալներով՝ Սերգեյ Գամման մեղավոր է ճանաչվել անչափահասի սպանության, խոշտանգումների, դիտավորյալ մարմնական վնասվածք պատճառելու և երեխային անօգնական վիճակում թողնելու համար։ Նրա կինը մեղավոր է ճանաչվել խոշտանգումներին օժանդակելու և երեխաների դաստիարակության պարտականությունները չկատարելու համար։

Քննությամբ պարզվել է, որ ընտանիքի երեխաները շուրջ մեկուկես տարի ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական բռնության։ 2025 թվականի հունվարի վերջին Գամման, ըստ քննության, թմրանյութերի ազդեցության տակ դաժանաբար ծեծել է 7-ամյա խորթ որդուն։ Երեխայի վիճակը ծանրացել է, սակայն ընտանիքը շտապօգնություն չի կանչել, ինչի հետևանքով տղան մահացել է։

Տղայի մահից հետո խորթ հայրը, ըստ գործի նյութերի, նրա մարմինը թաքցրել է, քաղաքից դուրս տեղափոխել և նետել ճահճուտ։ Մի քանի օր անց երեխայի մայրը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով որդու անհետացման մասին։ Տղայի մարմինը հայտնաբերվել է հաջորդ օրը, իսկ խորթ հայրը ձերբակալվել է։

Քննության ընթացքում պարզվել է նաև, որ ընտանիքում բռնության են ենթարկվել մյուս երեխաները։ Մասնավորապես, 12-ամյա աղջիկը պարբերաբար ծեծի է ենթարկվել։ Նրա մարմնի վրա բռնության հետքեր 2024 թվականին նկատել էին նաև ուսումնական հաստատության աշխատակիցները, որոնք այդ մասին հայտնել էին իրավապահներին։

Ըստ հրապարակված տվյալների՝ երեխաներից մեկը մահից կարճ ժամանակ առաջ դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ ինքն ու քույրը վախենում են խորթ հորից և տանը ծեծի են ենթարկվում։ Այս հանգամանքների առնչությամբ իրավապահների գործողությունների վերաբերյալ ևս քննություն է իրականացվում։

Դատարանում Սերգեյ Գամման փորձել է իր վարքագիծը ներկայացնել որպես երեխաներին «կարգ ու կանոն սովորեցնելու» միջոց։ Նա պնդել է, որ չի ցանկացել սպանել տղային և շարունակում է նրան իր որդին համարել։

Դատական նիստերից մեկի ժամանակ նա նաև խնդրել է իրեն ուղարկել հատուկ գործողությունների գոտի՝ հայտարարելով, որ ցանկանում է «կյանքի գնով» քավել մեղքը։

Մահացած երեխայի մայրը պնդել է, որ վախեցել է ամուսնուց և չի իմացել, թե որտեղ է նա թաքցրել երեխայի մարմինը։

Դատարանի որոշմամբ՝ Սերգեյ Գամման ցմահ կանցկացնի հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Նրա կնոջ նկատմամբ սահմանվել է 6 տարվա ազատազրկում և 3 տարով ծնողական իրավունքներից զրկում։

erexa 1
Կիսվեք ձեր էջում