Մամուլ

Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը. Փաշինյանը նամակ է հղել Բայդենին

Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը. Փաշինյանը նամակ է հղել Բայդենին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝

«Քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հղեցի հետեւյալ նամակը.

Ձերդ գերազանցություն,Հայաստանի ժողովուրդը և աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ ընդունեցին 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ Ձեր ուղերձը։

Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը, որը հզոր քայլ է ճշմարտության և պատմական արդարության ճանապարհին և անգնահատելի զորակցություն Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին։

Ցանկանում եմ հատուկ նշել նաև 2019 թ․ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերը և արձանագրել, որ Ձեր ուղերձով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Միացյալ Նահանգներում հասավ իր նպատակին։

Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն 1.5 միլիոն անմեղ զոհերին հարգանքի տուրք տալու, այլև նմանօրինակ հանցագործությունների կրկնությունը կանխարգելելու համար։

Ծիծեռնակաբերդ

Հայաստանի Հանրապետության համար ճանաչումն ինչպես ճշմարտության և պատմական արդարության, այնպես էլ անվտանգության հարց է հատկապես անցած տարի մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո։

Լիովին կիսում եմ Ձեր այն միտքը․ «Եթե մենք լիարժեքորեն չենք ճանաչում, ոգեկոչում և ուսուցանում մեր երեխաներին ցեղասպանության մասին, ապա «Այլևս երբեք» բառերն իմաստազրկվում են»։

Մեծարգո պարոն Բայդեն,Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրությանն ուղղված պահանջված ուղերձ է, որը վերահաստատում է միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների և արժեքների առաջնայնությունը։

Այդ տեսակետից այն քաջալերող և ոգեշնչող օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միասին կառուցել արդար և հանդուրժող միջազգային հասարակություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»։

Կիսվել էջում