Մամուլ

Հղի կինը ողջ է մնացել 7-րդ հարկից ընկնելուց հետո

Վլադիվոստոկում հղի կինը ընկել է իր բնակարանի յոթերորդ հարկի պատուհանից և հրաշքով ողջ մնացել՝ ստանալով միայն կապտուկներ։

Չծնված երեխան նույնպես չի տուժել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են տարածաշրջանի առողջապահության նախարարությունից։

«Վլադիվոստոկում իսկապես զարմանալի դեպք է տեղի ունեցել։ Հղիության 30-րդ շաբաթում գտնվող 28-ամյա կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո՝ ստանալով միայն կապտուկներ։

Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ պտղի վիճակը բավարար է, և նրա կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում»,- գործակալությանը հայտնել է նախարարության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ կինը պատմել է, որ գիշերը չէր կարողացել քնել և որոշել էր մաքրել պատուհանը։ Նա կանգնել էր պատուհանագոգին, սակայն սայթաքել և մեջքով վայր էր ընկել յոթերորդ հարկից։

Նրա օգնության կանչը լսելով՝ հարևանուհին անմիջապես դուրս է եկել, շտապօգնություն կանչել և օգնություն ցուցաբերել։ Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով գիշերվա ժամը երկուսն անց կեսին։

«Այն, որ կինը նման բարձրությունից ընկնելուց հետո ողջ է մնացել, արդեն իսկ կարելի է հրաշք համարել։

Սակայն հետազոտության արդյունքներն ավելի զարմանալի էին. չնայած յոթերորդ հարկից ընկնելուն՝ նրա մոտ որևէ կոտրվածք չի հայտնաբերվել։

Բժիշկներն ախտորոշել են միայն փափուկ հյուսվածքների բազմաթիվ կապտուկներ»,- նշել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Կիսվեք ձեր էջում