«Մենք նույն սենյակի մեջ ապրում ենք, նույն տան մեջ ապրում ենք»․ Տիգրան Արզաքանցյանը անկեղծացել է
«Tête-à-tête» հաղորդման ընթացքում Տիգրան Արզաքանցյանը խոսել է իր առաջին ամուսնալուծության մասին՝ նշելով, որ նման իրավիճակները հատկապես ցավալի են ընտանիքների համար։
«Բոլոր ընտանիքներում, մանավանդ մեր հայկական ընտանիքներում, ամուսնալուծությունը մեծ ցավ է, և դրանից ամենաշատը տուժում են երեխաները։ Իմ բախտը բերել է նրանով, որ երեխաներս արդեն հասուն էին։
Նրանք հոգեկան մեծ ցավ չեն տարել, որովհետև կային խնդիրներ, և այդպես էր որոշվել։ Հիմա կարող եմ ասել՝ փառք Աստծո, ամեն ինչ լավ է։ Բոլոր կողմերից կա հարգանք և հասկացողություն։ Ես ուրախ եմ, որ երեխաներս, հասկանալով ամեն ինչ, կարողացան հաղթահարել այդ փուլը»։
Անդրադառնալով իր և Նատելյա Ռոտենբերգի ամուսնալուծության մասին շրջանառվող լուրերին՝ Արզաքանցյանը նշել է, որ ինքը նման հայտարարություն չի արել։
«Ես լուրեր չեմ հրապարակել։ Մամուլը գրում է, բայց ես ոչինչ չեմ հրապարակել։
Տարբեր ընտանիքներում լինում են տարբեր տեսակի խոսակցություններ։ Իմ տիկինը դիմել էր դատարան, բայց այդ ամենը հիմա կանգնեցված վիճակում է։ Ես չեմ ուզում շատ խոսել այդ թեմայով, որովհետև բոլոր ընտանիքներում էլ լինում են քննարկումներ։
Ես, որպես տան ղեկավար, փորձում եմ մեր հարցերը ամեն կերպ լուծել, որպեսզի ամեն ինչ իր տեղը ընկնի։ Մի խոսքով՝ հույս կա, որ ամեն ինչ լավ կլինի»։
Խոսելով Նատելյա Ռոտենբերգի մասին՝ նա ընդգծել է, որ գնահատում է նրա վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։
«Շատ ուրախ եմ, որ ձեր կինը շատերի կողմից սիրվել է իր կերպարի և հայերեն սովորելու համար։
Ես էլ եմ նրան սիրում։ Սիրելով եմ բերել Հայաստան, ինքն էլ սիրելով է եկել Հայաստան։ Նա շատ է սիրում Հայաստանը, հայրենասեր է։ Ես իրեն շատ շնորհակալ եմ, որովհետև նա իր թանկարժեք ժամանակն ու առողջությունը ներդրեց մեր հայ երեխաների համար»։
Արզաքանցյանը նաև պատմել է Ֆրանսիայում անցկացրած ժամանակի մասին՝ նշելով, որ այնտեղ հանդիպել է հայ երեխաների և նրանց ծնողների խմբին։
«Ես, ճիշտն ասած, Ֆրանսիայում եմ դիմավորել նրանց խմբին։
Նրանք եկել էին Եվրոպայի գավաթի մրցաշարի, և մեր հայ երեխաները հաղթանակներ ունեցան՝ զբաղեցնելով առաջին և երկրորդ տեղերը։ Մենք միասին շատ լավ ժամանակ անցկացրինք։ Հայաստանից եկել էր ավելի քան 30 մարդ՝ ծնողների և երեխաների հետ։ Շատ լավ անցկացրեցինք ժամանակը»։
Տեսանյութը ստորև․



