Ազատ խոսք

«ՀՀ-ում վերջին երկու տարում երջանկացել են միայն պարոն Փաշինյանն ու իր շրջապատը». Գագիկ Համբարյան

«ՀՀ-ում վերջին երկու տարում երջանկացել են միայն պարոն Փաշինյանն ու իր շրջապատը». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանցիների ուտոպիստական լավատեսությունը, Փաշինյանի հրճվանքը և իրական երջանկությունը.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում կրկին ուրախալի լուրով էր կիսվել:

Պարզվում է` Հայաստանը 5-րդ տեղն է զբաղեցրել 46 երկրներում իրականացված «լավատեսության» հարցումների արդյունքում:

Հարցում կազմակերպողն էլ «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն է, ըստ որի տվյալների համաձայն, հարցվածների լավատեսության ինդեքսը կազմել է 55 տոկոս:

Պարոն վարչապետը, ինչպես տեսնում ենք, հրճվանքի մեջ է հայտնվում նույնիսկ այս ընկերության հարցումների տվյալներից ու այն հրապարակում է իր էջում, այն դեպքում, երբ նույն այդ ընկերության 2017 թ-ի ԱԺ ընտրություններից առաջ կատարված սոցհարցումներին վերաբերվում էր հոռետեսությամբ և իր թերթի էջերում դրանք անվանում էր պատվիրված…

Պարզվեց, իշխանության գալուց հետո պարոն Փաշինյանը ոչ միայն փոխել է իր վերաբերմունքն ընտրակեղծարար Մուկուչյանի, մարդասպանությունը թաքցնող Արթուր Դավթյանի, վատահամբավ ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանի և այլ ՀՀԿ-ականների նկատմամբ, որոնք վխտում են իր իշխանության տարբեր էշելոններում, այլև՝ մանիպուլյատիվ և կեղծ տվյալներ հրապարակող սոցիոլոգիական ընկերության տվյալների նկատմամբ:

Իսկ հիմա ներկայացնեմ ՄԱԿ-ի կողմից 2019 թ-ի մարտին հրապարակված «Երջանիկ երկրների» ցանկում Հայաստանի զբաղեցրած տեղը, որը կազմվել է տարբեր բաղադրիչների գումարման արդյունքում:

Այսպես, 156 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 116-րդ տեղը՝ անհարմարավետ տեղավորվելով Բուրկինա Ֆասոյի և Իրանի մեջտեղում:

Իսկ աշխարհի «Երջանիկ երկրների» առաջին հնգյակը հետևյալն է՝ Ֆինլանդիա, Դանիա, Նորվեգիա, Իսլանդիա և Նիդերլանդներ:

Ի դեպ, «Երջանիկ երկրների» ցանկում Հայաստանը 116-րդ տեղում է հայտնվել պարոն Փաշինյանի և նրա դիլետանտ թիմի իշխանության գալուց հետո, որի մասին, ինչպես տեսնում ենք, պարոն Փաշինյանը գրառում չի արել իր էջում, քանի որ տվյալները շատ «անդուխ» են, բայց մեծ հաճույքով հիմա կիսվում է լավատեսության մասին հարցումների «դուխով» տվյալներով, որտեղ մենք զբաղեցրել ենք 5-րդ տեղը…

Այդ հարցումից պարզեցի, որ Հայաստանից բարեկեցիկ ապրող Հոնկոնգը, Իտալիան և Հորդանանը հոռետեսության առաջին հորիզոնականներն են զբաղեցնում: Համոզված եմ, հայաստանցիների 90 տոկոսը կերազեր հասնել իտալացիների կամ հոնկոնգցիների կենսամակարդակի կեսին…

Հ.Գ. Հայաստանում այս վերջին երկու տարում երջանկացել են պարոն Փաշինյանը և նրա շրջապատը…

Այստեղ էին ասել՝ «Դուք հլը լավատես եղեք, իսկ մենք մեր գործերն առաջ տանենք; Կարող է մի օր էլ ձեր հերթը հասնի»»:

Կիսվել էջում