Մամուլ

Հացի փող չունեն, բայց ինտերնետի ու հեռախոսի վարձը մուծում են. Հայաստանի կեսն աղքատ է․ «Սպուտնիկ»

Հացի փող չունեն, բայց ինտերնետի ու հեռախոսի վարձը մուծում են. Հայաստանի կեսն աղքատ է

Sputnik Արմենիան գրում է․ Աղքատության ընդհանրական ցուցանիշով առաջատարը գյուղական համայնքներն են։ Աղքատների 51.1 տոկոսն ապրում է գյուղում, 48.9 տոկոսը` քաղաքներում։ Հայաստանի բնակչության գրեթե կեսը կամ 47.6 տոկոսն աղքատ են։

Այս պատկերն է ստացվել Վիճակագրական կոմիտեի իրականացրած տնային տնտեսությունների կենսապայմանների հետազոտության արդյունքում։ Նույն հետազոտության համաձայն` ՀՀ բնակչության 0.7 տոկոսը պարենային աղքատներն են, այսինքն ` մարդիկ, որոնք սովի են մատնված։

Ցուցանիշները վերաբերում են 2020թ-ին։ 2021–ը դեռ չի ուսումնասիրվել։ Վիճակագրական կոմիտեի Տնային տնտեսությունների վիճակագրության բաժնի պետ Լուսինե Մարկոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ուսումնասիրության ընթացքում վիճակագիրները մի շատ հետաքրքիր փաստ են արձանագրել. եթե տարիներ առաջ վատ ապրող հայաստանցիներն իրենց եկամուտները գրեթե բացառապես ծախսում էին սնունդ գնելու վրա, ապա այսօր կյանքը փոխվել է, փոխվել են նաև մարդկանց կարիքները, անգամ աղքատ համարվող մարդն այսօր իր եկամտի մի զգալի մասը ծախսում է, օրինակ, ինտերնետի, բջջային հեռախոս ունենալու ու ժամանակակից այլ պահանջմունքների վրա։

«Այսինքն, եթե մի քիչ սուր ասենք` եթե անգամ հացի փող էլ չի ունենում, ինտերնետը, հեռախոսի վարձը անպայման մուծում է։ Սա իրենց կենցաղում ուրույն տեղ է զբաղեցնում»,- ասաց տիկին Մարկոսյանը։

Թոշակ թոշակառու

Ասվածն, իհարկե, չի վերաբերում է Հայաստանի ամենաաղքատ խավին կամ պարենային աղքատներին։ Ի տարբերություն աղքատության ավելի վերին շերտերի` այս մարդիկ իրենց ստացած ողջ եկամուտն ուղղում են բացառապես սնունդ ձեռք բերելուն։

Ծայրահեղ կամ պարենային աղքատները, ինչպես արդեն նշեցինք, պաշտոնական վիճակագրության համաձայն` ՀՀ բնակչության 0.7 տոկոսն են։ Դրանք այն մարդիկ են, որոնց ամսական եկամուտը 2020թ–ին չի գերազանցել 23 828 դրամը, իսկ 2019-ին` 23 763–ը։

Հետաքրքրական է, որ պարենային աղքատներն ավելի շատ են գյուղական բնակավայրերում են ու կազմում են գյուղական բնակչության 1.2 տոկոսը այն դեպքում, երբ քաղաքներում նրանք 0.4 տոկոս են, մայրաքաղաք Երևանում` 0.2 տոկոս։

Աղքատության ընդհանրական ցուցանիշով ևս առաջատարը գյուղական համայնքներն են. աղքատների 51.1 տոկոսն ապրում է գյուղում, 48.9 տոկոսը` քաղաքներում, որից 21-ը Երևանում են, 27.9–ը` այլ քաղաքներում։

«Գյուղերում աղքատության ավելի բարձր մակարդակը բացատրվում է բազմաթիվ հանգամանքներով. մարդիկ չեն մշակել հողը կամ տարին բարեբեր չի եղել։ Իսկ քաղաքում մարդիկ միշտ էլ ունեցել են ինչ–որ աշխատանք, եղել են պետական աշխատողներ։

Նույնիսկ համավարակի ժամանակահատվածում քաղաքում մարդիկ (ու հատկապես պետական աշխատողները) մեծ մասամբ աշխատավարձից չեն զրկվել, իսկ գյուղերում` եթե մարդիկ ինչ–որ սեփական բիզնես (վարսավիրանոց, սննդի կետ և այլն) ունեցել են, COVID-ի ու պատերազմի ժամանակահատվածում դադարեցրել են իրենց գործունեությունն ու զրկվել եկամտից»,– մեկնաբանեց Լուսինե Մարկոսյանը։

vardenis

Ի դեպ, հետաքրքրական է, որ եթե նախկինում ՀՀ ամենաաղքատ մարզը համարվում էր Շիրակի մարզը, ապա այսօր իրավիճակը փոխվել է։ Վերջին տվյալներով` աղքատության ամենաբարձր մակարդակը 2020-ին գրանցվել է Գեղարքունիքում։

Մեկ այլ` Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կատարած ուսումնասիրության համաձայն` 2021 թվականի օգոստոսին անցկացված հարցումների մասնակիցների 51 տոկոսն ասել է, որ վերջին 1 տարում գումարի սղության պատճառով անհանգստացել է, որ ուտելիքը չի բավարարի, իսկ 10%-ը 1 ամբողջ օր չի սնվել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Share