Շոու-բիզնես

«Հասկացա, որ մոռացվում եմ ժողովրդի կողմից». Աշոտ Ղազարյանը՝ սերիալում խաղալու մասին

«Հասկացա, որ մոռացվում եմ ժողովրդի կողմից։ Միայն կոշկակարի չէի մարմնավորել, այս դերն էլ խաղացի»։

Tert.am Life–ը նկարահանման հրապարակում լուսանկարել է կոշկակարի կերպարով ներկայացող Աշոտ Ղազարյանին ու նրա հետ զրուցել նոր ամպլուայում ներկայանալու մասին։

Թե ինչու և ինչպես ստացվեց մասնակցությունը Դիանա Գրիգորյանի հեռուստասերիալում, դերասանն անսպասելի պատասխան տվեց` չի ուզում մոռացվել։ Նա շեշտեց, որ նախագիծն էլ իրեն հետաքրքրել է։

«Մինչև այս առաջարկներ շատ են եղել, բայց միշտ հրաժարվել եմ։ Պատճառն այն չէր, որ սերիալներն ինձ դուր են գալիս կամ ոչ։ Շատ հետաքրքիր սերիալներ կան, պարզապես ժամանակի խնդիր ունեի։ Սերիալում նկարահանվելը ժամանակատար է, կարող են գիշերն էլ կանչել նկարահանման, ցերեկն էլ, իսկ ես ամբողջ աշխարհում ելույթներ եմ ունենում։ Սակայն մտածեցի՝ ես Աշոտ Ղազարյանն եմ, այսքան մերժում եմ առաջարկները, բայց մոռացվում եմ ժողովրդի կողմից. ոչ ֆիլմերում կամ, ոչ սերիալներում, ոչ էլ հեռուստահաղորդումներում։ Այդ փուլում հանդիպեցի Դիանայի հետ ու համագործակցելու միտք հղացավ»,– պատմեց դերասանը։

Պարզվում է` նրա և Դիանա Գրիգորյանի մտերմությունը վաղեմի պատմություն ունի։ Աշոտ Ղազարյանի ընտանիքը մտերիմ է եղել Դիանայի մայրիկի հետ, երբ սցենարիստը դեռ երեխա էր։

Աշոտ Ղազարյանը

«Դիանային շատ եմ հավանում թե՛ որպես մարդ, թե՛ որպես տաղանդավոր ու աշխատասեր աղջիկ։ Ես իրեն մանկուց գիտեմ ու հավատում եմ իրեն։ Նա շատ փոքր էր, երբ մենք իր ընտանիքի հետ շփվում էինք, հրաշալի մայր ունի։ Ուրախացա, որ հրավերը եղավ Դիանայի կողմից։ Մի գրամ չեմ կասկածում արդյունքի հարցում, որովհետև ստեղծագործական շատ լավ կազմ է հավաքված։ Դիանայի մասին չեմ խոսում, աստվածային գործ է անում։ Հեշտ չէ այդքան գրել, մի ֆիլմ չես գրում, երկար սերիալ ես գրում ու պետք է հասցնես թե՛ ժամանակի, թե՛ մտքի, թե՛ երևակայության առումով։ Դաժան գործ է անում, ես իրեն շատ եմ հավանում, ապրի ինքը»,– ասաց դերասանը։

Քննադատություններից Աշոտ Ղազարյանը չի վախենում։ Դիտարկմանը, որ իր մասնակցությունը հեռուստասերիալում միանշանակ չընդունվեց, եթե լսարանի մի մասն ուրախացավ սիրելին դերասանին էկրանին տեսնելու հնարավորության համար, մյուս մասը տարակուսեց, որ նա խաղալու է սերիալում, դերասանն արձագանքեց. «Ինձ համար սա ռիսկային չէ։ Ես չեմ հասկանում` սերիալում նկարահանվելը վիրավորակա՞ն է։ Ինձ հետ խաղում են նորմալ դերասաններ, նորմալ սյուժե կա, նորմալ ռեժիսոր… սա ֆիլմ է։ Հիմա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ընդունված է սերիալ նկարահանելը։ Եթե սերիալը լավը լինի, ժողովուրդը կնայի։ Ես արդեն տեսնում եմ, որ սա շատ լավ սերիալ է լինելու»։

Աշոտ Ղազարյանը

Ինչ վերաբերում է հումորային ժանրից անցմանը` դերասանը նկատեց, որ իրեն հետաքրքիր ու հոգեհարազատ են դրամատիկ կերպարները, լսարանն էլ կսովորի իրեն նոր ամպլուայում տեսնել։

«Ես միշտ սիրել եմ դրամատիկ դերեր։ Եթե ներկայացման մեջ դրամատիկ, լիրիկական պահեր եմ ունեցել, հաճույքով եմ խաղացել։ Ես դա ավելի շատ եմ սիրում, թեև, ինչ խոսք, մարդկանց ծիծաղեցելն ավելի դժվար է։ Ոչինչ, լսարանը կսովորի, սա էլ է պետք։ Ես չեմ համեմատվում Մհեր Մկրտչյանի հետ, իր հետ ոչ ոք չի կարող համեմատվել, բայց իրեն էլ բոլորը գիտեին որպես «կոմիկ» դերասան, չնայած իր պես ողբերգակ դերասաններ քիչ կան»,– ասաց նա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով