ՄամուլՏեսանյութ

Հանգստյան օրերն անցկացնելու Լոռիից լավ վայր չկա. Արմեն Սարգսյան (Տեսանյութ)

Հանգստյան օրերն անցկացնելու Լոռիից լավ վայր չկա: Նախագահ Արմեն Սարգսյանը չափազանց տպավորված է Լոռվա բնաշխարհի տեսարժան վայրերով: Այդ մասին նախագահն ասել է Լոռու մարզ աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում:

Նախագահը անհրաժեշտ է համարել մարզում տուրիզմը և հատկապես ներքին տուրիզմը խրախուսելը, ենթակառուցվածքները զարգացնելը։ «Եթե Երևանում ես ապրում, շաբաթ-կիրակի օրն ավելի լավ բան կա՞ անելու, քան վեր կենալ և գալ Լոռու մարզ կամ Սյունիք, Գեղարքունիք, Գյումրի։ Չկա՛,-ասել է նախագահը։ – Ես երկու օր է այստեղ եմ և ամբողջովին վերալիցքավորված եմ, որովհետև շփվում ես իրական բնության և բացարձակ գեղեցկության հետ։

Երկու օրվա ընթացքում առիթ ես ունենում տեսնել և վայելել պատմական նշանակություն ունեցող շատ արժեքավոր կոթողներ, ասենք՝ Օձունի վանքը կամ Լոռի բերդը։ Շատ երկրներ կերազեին նմանատիպ բերդ ունենալ և այդ բերդը կարողանային ոչ միայն պահպանել և ցուցադրել, այլև գրավիչ դարձնել և՛ իրենց երիտասարդների, ժողովրդի և՛ օտարների համար։ Այն, որ Հայաստանում՝ Լոռիում, 10-11-րդ դարերում բարձր քաղաքակրթություն է եղել, փաստ է, որին շատերը ծանոթ չեն։

Կամ կարո՞ղ ես շաբաթ-կիրակին ավելի լավ անցկացնել, քան Դսեղի մոտակայքում լռությունը, մաքուր օդը վայելես, գիշերն անցկացնես՝ զրուցելով բարեկամներիդ հետ պոեզիայից և գիտությունից, մեր մշակույթից։ Ճաշես Ահնիձորում՝ Հրանտ Մաթևոսյանի տանը՝ իր եղբոր և որդու, ազգականների հետ։ Իրականում տեսնես «Մենք ենք, մեր սարերը», մարդկանց, ովքեր ոգեշնչել են Հրանտ Մաթևոսյանին։ Նրանք իրական մարդիկ են, այսօր էլ ունեն իրենց հոգսերը։ Կամ գաս Հովհաննես Թումանյանի պայծառ անհատականության հետ շփվես՝ կրկին համոզվելով, որ խոսքը միայն պոետի մասին չէ, այլ մեծ մարդու, մեծ հայրենասերի»։

Հորդորելով շաբաթ-կիրակի օրերին այցելել Հայաստանի տեսարժան վայրեր՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայրենասիրությունը միայն հայրենիքին ծառայելը չէ կամ պատերազմի ժամանակ զինվոր դառնալը, այլ նաև՝ երկիրը ճանաչելը։

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով