Շոու-բիզնես

Եթե դերասան ես և քեզ չես կարող բաց տեսարաններ թույլ տալ, ապա սխալ մասնագիտություն ես ընտրել. ֆոտո

Եթե դերասան ես և քեզ չես կարող բաց տեսարաններ թույլ տալ, ապա սխալ մասնագիտություն ես ընտրել։ Դերասանուհի Էվա Խաչատրյանը ներկայումս հեռուստատեսային որևէ նախագծում չի նկարահանվում, սակայն դեռ եթերում է նրա մասնակցությամբ «Ժիրայր Գլենց» բազմասերիանոց հեռուստաֆիլմը։ Էվան ամառային հանգստի մեկնելու հստակ ծրագրեր առայժմ չունի․առաջիկայում նա գերզբաղված կլինի թատրոնում։

Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է վերջինիս զբաղվածության, դերասանի մասնագիտության հանդեպ իր վերաբերմունքի և բաց տեսարաններում նկարահանվելու մասին։  

«Ներկայումս շատ բուռն կերպով պատրաստվում եմ իմ սիրելի Կամերային թատրոնի հետ հյուրախաղերի։ Մասնակցելու ենք Գդանսկի Շեքսպիրյան միջազգային փառատոնին և այնտեղ ներկայանալու ենք մեր խաղացանկից «Ռոմեո և Ջուլիետ» գործով։ Սա համաշխարհային մակարդակով իսկապես մեծ միջոցառում է, և այնտեղի հաղթանակը կլինի հաղթանակ նաև հայ ազգի համար»,- նշեց Էվան՝ հավելելով, որ հյուրախաղերից վերադառնալուց հետո հանդիսատեսն իրեն կտեսնի նաև Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմում՝ կոմերցիոն ներկայացման շրջանակներում։

Էվա Խաչատրյան

Ինչ վերաբերում է հեռուստատեսային ներկայիս զբաղվածությանը, ապա, դերասանուհու խոսքով, այս ընթացքում նկարահանման առաջարկ եղել է, սակայն ինքն առաջարկը մերժել է։ Ըստ Էվայի, երբ դերի հետ կապված առաջարկ է լինում, ընդունել-չընդունելու իր որոշման վրա ազդում է ամեն ինչ՝ սկսած նախագծի տևողությունից, մինչև հոնորար ու կերպարի բնավորություն։ Ներկայումս թատրոնին էլ ավելի շատ ժամանակ տրամադրելով հանդերձ, Էվան, որպես դերասանուհի, իր կարիերայի համար կարևորում է նաև հեռուստատեսությունն ու էկրանը։

«Հեռուստատեսությունն ինձ տվել է ճանաչում, փորձ, դերեր մարմնավորելու հնարավորություն, որոնցից շատերը տպավորվել են և ինձ համար այցեքարտ են դարձել։ Ես սեր ու համակրանք զգացել եմ երկու հարթակներից էլ հավասարապես՝ թե՛ թատրոնի բեմից և թե՛ էկրանից»,- ասաց դերասանուհին։

Հեռուստատեսության տված ճանաչումն ադրադառնում է հայտնիների սոցիալական էջերի վրա, որտեղ նրանց դերերը կամ ուղղակի հրապարակումները քննարկվում են ու մեկնաբանվում։ Էվայի խոսքով, ինքը դրական է վերաբերվում ցանկացած մեկնաբանության, որը հիմնավորված է․ «Ես էլ կարող եմ մտնել որևէ մեկի էջ, մի վատ բան գրեմ ու դուրս գամ։ Բայց ինչո՞ւ դա անեմ։ Ուղղակի արված բացասական մեկնաբանությունները զուտ բացասական էներգիայի աղբյուր են՝ ոչ ավել։ Ես խորապես ցավում եմ այն մարդկանց համար, որոնք բացասական մեկնաբանություններ են գրում, որովհետև դրանով նրանք առաջին հերթին աղտոտում են իրենց ներսը։ Դա ինձ չի վնասի այնքան, որքան իրենց։ Սակայն դրական եմ վերաբերվում բոլոր այն մեկնաբանություններին, եթե անգամ դրանք բացասական են, որոնք հիմնավորված ու գրագետ են»։

Էվա Խաչատրյան

Մեկնաբանությունների տեղիք են նալիս նաև Էվայի համարձակ դերերը։ Սակայն դերասանուհին վստահ է, որ համարձակությամբ առանձնացող կերպարներն ու բաց տեսարանները երբեք չպետք է վախեցնեն դերասաններին։

«Իմ դեպքում սա մասնագիտություն չէ՝ սա իմ կյանքն է։ Մյուս բոլոր դերասանները, որոնք այս կերպ են վերաբերվում իրենց գործին, իրենց համար ևս երբեք չեն լինում սահմաններ։ Մեր մասնագիտության մեջ մտածել՝ ոտքս մինչև ծունկը բաց կլինի, թե ծնկիցս վերև՝ դա ինձ համար ուղղակի հիմարություն է։ Մենք՝ դերասաններս, յուրաքանչյուր ապրում պարտավոր ենք ներկայացնել իրականությանը համապատասխան՝ այնպիսին, ինչպիսին իրական կյանքում լինում է»,- ասաց Էվան:

Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում։

Կիսվել էջում