Մամուլ

Հայուհին ընտրվել է Ջրային հարցերով Եվրոպական երիտասարդական խորհրդարանի նախագահ

Հայուհին ընտրվել է Ջրային հարցերով Եվրոպական երիտասարդական խորհրդարանի նախագահ՝ 15-րդ նիստի ընթացքում։ Հայաստանի պատվիրակության անդամ Հասմիկ Բարսեղյանն է։

Ռուսաստանի դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում կայացած նիստին մասնակցում էին Եվրոպայի շուրջ 20 երկրներից պատվիրակություններ` ավելի քան 80 երիտասարդներ:

Նա ստացել է առավելագույն ձայներ առաջադրված յոթ թեկնածուների մեջ` այդպիսով դառնալով խորհրդարանի առաջին հայ նախագահը: Հայուհին ընտրվել է ջրային հարցերով Եվրոպական երիտասարդական խորհրդարանի նախագահ։ Փոխնախագահներ են ընտրվել Նիդերլանդների և Բելգիայի ներկայացուցիչները:

«Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է այս նոր առաքելությունը: Հանձնառու եմ ուժեղացնել ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի կառավարիչների ցանցը Եվրոպայում և սահմաններից դուրս` հանուն ընդհանուր խնդիրների լուծման»,- ասել է Հասմիկ Բարսեղյանը:

Ջրային հարցերով եվրոպական երիտասարդական խորհրդարանը (European Youth Parliament for Water) հիմնադրվել է 1999թ-ին «Ջրային հարցերով միջազգային գրասենյակի» (International Secretariat for Water) և «Եվրոպայի ջրային համերաշխություն» (Solidarity Water Europe) կազմակերպության ջանքերով:

15-րդ նիստը նվիրված էր գետային ավազանի խնդիրներին և կառավարմանը` շեշտը դնելով արդյունավետ համագործակցության և երիտասարդների ներգրավման վրա:

Շուրջ մեկ շաբաթ տևած աշխատանքների ավարտին Եվրոպայի երիտասարդ առաջնորդները միացան գրավոր հանձնառությանը` համատեղել ջանքերը և իրականացնել կոնկրետ գործողություններ իրենց քաղաքներում հանուն ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի պահպանության:

Ի դեպ` Հասմիկ Բարսեղյանն ուսանել է շրջակա միջավայրի կառավարում Գերմանիայի Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում: Այժմ համակարգում է վերականգնվող էներգիայի ծրագրերը «Կանայք կլիմայում և էներգիայում» կազմակերպությունում:

Կիսվել նյութով