Աշխարհ

«Հայաստանի դրական քայլերին Ադրբեջանի հետ միասին դրական կարձագանքենք». Չավուշօղլու

«Հայաստանի դրական քայլերին Ադրբեջանի հետ միասին դրական կարձագանքենք». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքմեստանի ԱԳ ղեկավար Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև Արցախի հարցով վերջին զարգացումներին, – հայտնում է Ermenihaber-ը։

Լրագրողի հարցին, թե արդյոք համագործակցության ծրագիր կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև, Չավուշօղլուն ասել է.

«Այժմ խաղաղության, տարածաշրջանի զարգացման, վերակառուցման և կայունության համար կա հնարավորություն: Մեր կոչը միշտ այս ուղղությամբ է: Եթե Հայաստանն էլ շարժվի այս ուղղությամբ, ապա այդ երկիրն ու իր ժողովուրդը կշահեն տարածաշրջանի կայունության և տնտեսության զարգացման հարցում: Ակնկալում ենք, որ Հայաստանը կգործի՝ այս ամենը հաշվի առնելով:

Հայաստանի կողմից ձեռնարկվելիք դրական քայլերին մենք էլ կրկին Ադրբեջանի հետ միասին համակարգված ձևով դրական պատասխաններ կտանք»,-ասել է նա:

Չավուշօղլուն, հերթական անգամ հիշեցնելով Թուրքիայի անվերապահ աջակցությունը Ադրբեջանին, հայտնել է, որ Թուրքիան աջակցելու է  նաև Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանի վերակառուցման, խաղաղության և բարօրության համար: Նաև տեղեկացրել է, որ թեմայի շուրջ զարգացումները քննարկվել են երկկողմ ու եռակողմ հանդիպումների ընթացքում:

Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև այդ գործընթացում Վրաստանին ևս ներգրավվելու համար:

«Հուսով եմ Վրաստանը նույնպես մասնակցություն կունենա: Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումից հետո ավելի կարագանա այս նախագծերի իրականացումը, ինչից կշահեն բոլորը»։

Կիսվել նյութով