Մամուլ

«Կրակոցների ձայնից արթնացանք, մեկ ժամից ավելի կրակել են»․ Վերին Շորժայի ղեկավար

«Կրակոցների ձայնից արթնացանք, մեկ ժամից ավելի կրակել են»․ Վերին Շորժայի ղեկավար

News.am-ը գրում է․ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի ուղղությամբ Ադրբեջանի կողմից այս գիշեր հնչած կրակոցները բնակիչների մոտ խուճապ չեն առաջացրել, նրանք շարունակում են ապրել իրենց բնականոն առօրյայով։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

«Մոտ երկու տարի է՝ այս վիճակն է։ Սովորել ենք արդեն, բնակիչները հանգիստ են։ Գիշերը ժամը երկուսի կողմերին սկսվեցին կրակոցները, այդ ձայներից արթնացանք։ Գյուղացիներից որոշները տներից դուրս եկան, որոշները մնացին ներսում։

Մեկ ժամից ավելի որոշակի դադարներով կրակում էին մեր դիրքերի ուղղությամբ»,- նշեց Երանոսյանը։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդել էր՝ դեկտեմբերի 22–ի լույսի 23–ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ականանետ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Կիսվել նյութով