Կտրուկ վատացել է Նոր Հաճնում մահացած տղայի մոր առողջական վիճակը
Նոր Հաճն քաղաքում օգոստոսի 18–ին, շինարարական հրապարակում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով մահացած քաղաքացիներից 41-ամյա Գարիկ Մարտիրոսյանի մոր առողջական վիճակը, պատահարի մասին տեղեկանալուց հետո կտրուկ վատացել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին Ֆանտան գյուղի բնակիչները։
Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, գյուղացիների խոսքով՝ կաթված է ստացել։
Հիշեցնենք, որ տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով մահացել են երկու քաղաքացի, որոնք երկուսն էլ նույն գյուղից էին՝ 37-ամյա Միսակ Ոպանյանն ու 41-ամյա Գարիկ Մարտիրոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը։
Շինարարական հրապարակը, որտեղ ողբերգական դեպքը տեղի է ունեցել, Նոր Հաճընի նախկին պոլիկլինկան էր, որը վերանորգվում էր, վերանորոգումը իրականացնում է «ԱՇԿԱՐ» ՍՊԸ-ն։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի հատկանիշներով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) (2 դրվագ): 2 անձ ձերբակալվել է։


