ՄամուլՇոու-բիզնես

Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը

Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը ծնվել է Լենինականում 1937 թ, սակայն նրա արմատները պատմական Հայաստանում են: Մանկության հուշերի մեծամասնությունը կապված են պատերազմական տարիների հետ: Ամեն մի հուշ հետագայում դարձել է անկրկնելի մի կադր, գեղեցիկ մի պատմություն:


Ալբերտ Մկրտչյանը կինոռեժիսոր դառնալ չի երազել: Երազանքը գեղանկարիչ դառնալն էր, որ այդպես էլ անկատար մնաց: Նա նաև խաղացել է կինոյում, նկարահանվել է «Լի ու տոն օրեր» ֆիլմում:
Փոքր տարիքում Մկրտչյան եղբայրների տան կտուրին բեմադրված դերասանական խաղերը հետո տեղափոխվեցին Տեքստիլ ակումբի բեմ: Բեմադրեցին Գիքորը: Ֆրունզիկը՝ Բազազ Արտեմի դերում, ծեծում է Ալբերտին՝ Գիքորին: Նույն պահին էլ դահլիճից լսվում է մոր բարկացած ձայնը. «Էրեխուն ընչի՞ կծեծես, անխիղճ, ըդիկ քու ախպերդ է…»:
Ռեժիսորի նկարահանած ֆիլմերը ինն են: Այդ թվում հայ հանդիսատեսի կողմից սիրված «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս» և այլն:
«Արդեն 50 տարի, Լենինական-Գյումրիից դուրս եմ եկել, բայց Աստծո ամեն շաբաթ այս ճանապարհին եմ … Ես պիտի փնտրեմ ու գտնեմ էն մարդկանց, էն լավ ու բարի մարդկանց, ում հետ շփվել եմ, ումից ուժ եմ առել: Այդպես եմ ես գտել իմ ֆիլմերը»:

 

Իսկ դուք գիտե՞ք, որ

Հայկական հայտնի ֆիլմ  «Մեր մանկության տանգոն», որի ռեժիսորը Ալբերտ Մկրտչյանն է, ինքնակենսագրական ֆիլմ է և պատմում է Ալբերտ և Մհեր Մկրտչյանների ընտանիքի մասին: Ալբերտ Մկրտչյանը խոստովանում է, որ երբեք կինոփորձեր չի արել, քանի որ միշտ սցենարը գրել է՝ դերը համապատասխանեցնելով կոնկրետ դերասանների համար։ 

Կիսվել նյութով