Կինը փորձել է բերանով հանել ամուսնու ձեռքից օձի թույնը, բայց ինքն է թունավորվել
Չինաստանում կինը թունավորվել է՝ փորձելով բերանով հանել ամուսնու վերքից կոբրայի թույնը
Չինաստանի Յուանյանգ շրջանում կին է թունավորվել այն բանից հետո, երբ փորձել է բերանով հեռացնել ամուսնու վերքից օձի թույնը։ Դեպքի մասին հայտնում է South China Morning Post-ը։
Տարեց ֆերմերը դաշտում աշխատելիս կոբրայի խայթոցի է ենթարկվել։ Նրա կինը, հիշելով ֆիլմերում տեսած նմանատիպ տեսարանները, որոշել է բերանով ծծել վերքի հատվածը՝ կարծելով, թե այդ կերպ կկարողանա փրկել ամուսնուն։
Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, իսկ մի քանի ժամ անց կնոջ մոտ նույնպես ի հայտ են եկել թունավորման նշաններ՝ թմրել են լեզուն, շուրթերը, դեմքն ու վերջույթները։
Նրան ևս հոսպիտալացրել են, և բժիշկները հաստատել են օձի թույնից առաջացած թունավորումը։
Բարեբախտաբար, երկու ամուսիններին էլ ժամանակին տրամադրվել է անհրաժեշտ բուժօգնություն և ներարկվել է հակաթույն։ Մի քանի օր անց նրանք դուրս են գրվել հիվանդանոցից։
Բժիշկները կրկին զգուշացրել են, որ օձի թույնը բերանով հեռացնելու փորձը վտանգավոր և անարդյունավետ մեթոդ է։ Բերանի լորձաթաղանթի միջոցով թույնը կարող է արագ ներթափանցել օրգանիզմ, իսկ խայթոցի վայրից այն գրեթե հնարավոր չէ հեռացնել նման եղանակով։
Մասնագետները խորհուրդ են տալիս օձի խայթոցի դեպքում չփորձել ինքնուրույն հեռացնել թույնը, այլ անշարժացնել վնասված հատվածը և հնարավորինս արագ դիմել բժշկական օգնության։




