Քաղաքականություն

Կարծում եմ, մեզ կհաջողվի ՀՀԿ չդառնալ. Փաշինյան

Դա մեզ համար ամենակարեւոր մարտահրավերն է՝ չդառնալ այնպիսին, ում դեմ մենք պայքարել ենք: ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայների 70 տոկոսի ստացման փաստը արդյոք իր գլխավորած կուսակցությունն իրեն չի հիշեցնում Հանրապետական կուսակցությանը եւ ինչ է նա ձեռնարկում, որպեսզի իր կոուսակցությունը ՀՀԿ-ի չվերածվի:

«Կարծում եմ, մեզ կհաջողվի չդառնալ այդպիսին»,- ասել է Փաշինյանը:

Մեկնաբանությանն ի պատասխան, որ տարածված լուրերի համաձայն, Հայաստանում պաշտոններից հեռացնում են ՀՀԿ-ի բոլոր կողմնակիցներին, Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունում կա նախարար, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի կառավարությունում:

«Կառավարությունում առնվազն երկու նախարար կա, եթե ոչ ավելի, որոնք նախորդ կառավարությունում փոխնախարարներ են եղել:

Պետական ապարատը 90 տոկոսով նույնն է մնացել, մասնավորապես Ոստիկանությունը, հատուկ ծառայությունները: Կադրային մեծ փոփոխություններ չեն եղել: Եվ շատերը մեզ դրա համար քննադատում են»:

Աղբյուր՝ news.am

Share