ՄամուլՏեսանյութ

Կառավարությունը շուրջ 3.5 մլրդ դրամ հատկացրեց հանրաքվեի համար (Տեսանյութ)

Կառավարությունը շուրջ 3.5 մլրդ դրամ հատկացրեց հանրաքվեի համար

Կառավարության պահուստային ֆոնդից 3 մլրդ 447 մլն  դրամ կհատկացվի ապրիլի 5-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:

Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նախատեսվող գումարից 2 մլրդ 553 մլն դրամը կհատկացվի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հանրաքվեի կազմակերպման համար, 660 մլն դրամը՝ հանրաքվեի քվեարկության ժամանակ 1500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հերարձակման գործընթացն ապահովելու նպատակով, 234 մլն դրամը կհատկացվի ՀՀ ոստիկանությանը՝ ընտրողների ծանուցման գործընթացն ապահովելու համար։

«Գումարի հիմնական մասը` 80-85 տոկոսը, նախատեսվում է, որ կօգտագործվի աշխատավարձերի, տեղամասերում զբաղվածներին վարձատրելու համար»,– ասել է նախարարը։

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կռահում եմ, որ սրա հետ կապված էլ կլինեն բազմաթիվ շահարկումներ, քննարկումներ, ընդհանրապես, որ գումարն ինչու է ծախսվում, որ հանրաքվեի վրա գումար է ծախսվում:

Նախ ես ուզում եմ ասել, որ այդ ծախսվող գումարն էլ է ներհոսելու տնտեսություն, որովհետև այդ գումարով, ի վերջո, տնտեսական գործարքներ են տեղի ունենալու:

Եվ երկրորդը՝ ժողովրդի կամարտահայտությունը, ազատ կամարտահայտությունն ապահովելու համար, այո՛, պետք է ծախսվեն գումարներ:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որ անցած տարի տեղի ունեցան Հայաստանում, նույնպես որոշակի գումար արժեցան, և բոլոր ընտրությունները, որոնք տեղի են ունենում որոշակի գումար են արժենում:

Եվ ընդհանրապես, ժողովրդավարությունը և ոչ միայն ժողովրդավարությունը, ցանկացած պետական կառավարում ենթադրում է պետական ծախսեր:

Այնպես որ, այստեղ քննարկումները և շահարկումները տեղին չեն: Ես կարծում եմ՝ պետք է արձանագրենք, որ նախորդ 1,5 տարվա ընթացքում Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ավելացել են ավելի քան 1 միլիարդ դոլարով:

Եվ ես կարծում եմ, որ այս և այս կարգի որոշումների արդյունքում մենք նոր թափ ենք տալու այդ գործընթացին»:

Վարչապետը նշել է նաև, որ հանրաքվեից հետո ավելի շատ գումարներ կվերադարձվեն պետական բյուջե:

«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի նախընտրական գործընթացի ընթացքում ես արել եմ հետևյալ քաղաքական հայտարարությունը. ես ասել եմ՝ առաջիկա 5 տարիների ընթացքում մենք պետք է 2,5 միլիարդի հավելյալ միջոցներ ծախսենք մեր անվտանգության կարիքների համար, մասնավորապես՝ զինված ուժերի մարտունակության և սպառազինության մակարդակը բարձրացնելու համար:

Եվ այդ 2,5 միլիարդից 1,5-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի միջոցով, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի միջոցով։

Հիմա հարց՝ արդյո՞ք այս պահի դրությամբ ինձ գոհացնում և բավարարում են այն ծավալները և մասշտաբները, որոնցով մենք այս խնդիրը լուծել ենք: Այո՛, աննախադեպ հաջողություններ ունենք:

Մասնավորապես, այս տարի Հատուկ քննչական ծառայությունը վերականգնել է 7 անգամ ավելի շատ գումար, միայն այս տարի, քան Հատուկ քննչական ծառայության գոյության ողջ ընթացքում է վերականգնվել:

Իսկ Հատուկ քննչական ծառայությունը գոյություն ունի արդեն 11 տարի: Սա ցուցանիշ է, որը չի կարելի չընդունել, չի կարելի չգնահատել:

Բայց մյուս կողմից մեր սահմանած նշաձողերը շատ ավելի բարձր են, և մենք մեր հակակոռուպցիոն համակարգերի բարելավման, օրենսդրության կատարելագործման միջոցով պետք է այս միջոցը դարձնենք ավելի արդյունավետ, որովհետև մենք բոլորս գիտենք, որ դրա պոտենցիալը կա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում