Մամուլ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են ՎԱԶ 21010-ն ու ՎԱԶ 21012-ը, 6 վիրավորների մեջ կա անչափահաս

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են ՎԱԶ 21010-ն ու ՎԱԶ 21012-ը, 6 վիրավորների մեջ կա անչափահաս

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արագած-Արթիկ ավտոճանապարհից դեպի Բերքառատ գյուղ տանող ճանապարհին՝ գյուղի սկզբնամասում բախվել են ՎԱԶ 21010 և ՎԱԶ 21012 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ «Ծաղկահովիտ», մի մասը՝ «Ապարան» բժշկական կենտրոններ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած  Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ծաղկահովիտի թիվ 21 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի բերքառատցիներ ասում էին, որ վարորդները հորեղբոր տղաներ են, և բոլոր վիրավորները Բերքառատ գյուղից են։ Վիրավորներից մեկն էլ անչափահաս աղջիկ է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, ոչ մի մերկասառույց չի եղել, և ըստ նախնական տեղեկությունների, ՎԱԶ 21010-ը եղել է կայանված, երբ մյուս ավտոմեքենան հարվածել է նրա հետնամասին, և 2 մեքենաները «ֆռացել են»։

Ավտոմեքենաներում և դրսի տարբեր հատվածներում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր։

Կիսվել նյութով