Մամուլ

«Լուսավոր Հայաստանը» որոշել է դիմել ՍԴ, բայց միայն Քոչարյանի գործով ՍԴ-ում որոշում կայացնելուց հետո

«Լուսավոր Հայաստանը» որոշել է դիմել ՍԴ, բայց միայն Քոչարյանի գործով ՍԴ-ում որոշում կայացնելուց հետո

Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ազգային ժողովը ժամերի ընթացքում ընդունեց Սահմանադրական փոփոխությունները եւ խախտելով Սահմանադրությունը այն չուղարկեց ՍԴ կարծիքի համար:

Բացի այդ, ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարեց, որով ՀՀ նախագահին զրկեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ստորագրելու իրավունքից»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը խոսեց այն մասին, որ կա պնդում, որ այս ամենը առնչություն ունի ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործի քննության հետ, որը նախատեսված է հուլիսի 7-ին.

«Որպեսզի որեւէ ձեւով չմիջամտենք այս գործընթացին, այսինքն չընկալվի, որ մենք նույնպես փորձում ենք միջամտել այս գործընթացին… վեճի հետ կապված հարցերով Սահմանադրությունը տալիս է 3 ամիս ժամկետ, իսկ օրենքի հետ կապված ընդհանրապես ժամկետ չկա:

Հիմա մենք դիմումի վրա կաշխատենք, կուժեղացնենք, եւ հենց որ երկրորդ նախագահի գործով նիստը տեղի կունենա եւ կավարտվի, ՍԴ կմուտքագրվի հակասահմանադրական ճանաչելու հետ կապված մեր դիմումը: Մոտավորապես օրերի խնդիր է:

ԼՀԿ-ն գործընթացը պահպանելու է միայն իրավական տիրույթում, եւ թույլ չենք տալու, որ կողմերից մեկն ի շահ իրեն ծառայեցնի այս գործընթացը: Ավելին, մենք ըստ էության, սկզբունքային պաշտպանության դերից ենք հանդես գալիս»:

Հարցին, ստացվում է, որ «Լուսավոր Հայաստանը» չի միանո՞ւմ ԲՀԿ-ին եւ չի ավելացնում պակասող երկու ստորագրությունները, Մարուքյանը պատասխանեց.

«Այո, դուք ճիշտ եք հասկացել, մենք ՍԴ կդիմենք երկրորդ նախագահի քննությունից հետո: Իրավական առումով ոչ մի տարբերություն չկա, թե մենք երբ դիմենք»:

Կիսվել նյութով